Տեղի է ունեցել ՏԿՆ կոլեգիայի հերթական նիստը

Տեղի է ունեցել ՏԿՆ  կոլեգիայի հերթական նիստը

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում քննարկվեցին հողի հարկի, գույքահարկի ապառքների զրոյացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող հարկային վարչարարության հստակեցմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ Ազային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացվել եւ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Խնդրին առավել համապարփակ լուծում տալու նպատակով կառավարության հետ համատեղ աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ ՏԿ նախարարությունը նախագծի վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:

Փոխվարչապետն անդրադառնալով առաջարկությունների հիմնական նպատակներին ու ուղղություններին` պարզաբանեց, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվելու սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը: «Հարցերը պետք է լուծվեն վարչարարության արդյունավետության բարձրացման եւ համայնքների համար բյուջետավարման գործընթացի պարզեցման տեսանկյունից»,-նշեց Ա. Գեւորգյանը:

Մասնավորապես` հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը, առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ եւ զրոյացնել մինչ այդ ժամկետը հողի հարկի եւ գույքահարկի մասով գոյացած ապառքները: Մյուս առաջարկը վերաբերում է արդեն ամրագրված ժամկետից հետո ընկած հատվածի համար հարկային արտոնությունների տրամադրմանը: Փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հողի հարկի մասով կիրառված արտոնությունները ոչ միայն սոցիալական, այլեւ տնտեսական նշանակություն են ունեցել. մասնավորապես համայնքային բյուջեներ է մուտքագրվել մոտ 3 մլրդ դրամ:

Առաջարկությունների մյուս ուղղությունները վերաբերում են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը եւ համայնքի ղեկավարի պատասխանատվությանը:

Նշվեց, որ առաջարկությունների հիման վրա համատեղ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կմշակվի: Փոխվարչապետը կոլեգիայի անդամներին եւս առաջարկեց մասնակցել այդ աշխատանքներին:

Կոլեգիայի նիստում ներկայացվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ-գործարար հատված հարաբերությունների հստակեցման եւ գործող ընթացակարգերի բարելավման նպատակով կատարված ուսումնասիրությունները: Զեկուցվեց, որ կատարվել է վերլուծություն` ըստ նշված հարաբերությունների բնույթի եւ ոլորտների: Ա. Գեւորգյանը հանձնարարեց շարունակել վերլուծությունները եւ ուսումնասիրությունները, բացահայտել ՏԻՄ- գործարար հատված հարաբերություններում վարչական կախվածության մեխանիզմները, ընթացակարգերի օրենսդրական կանոնակարգվածությունը, եւ անհրաժեշտության դեպքում` առաջարկել դրանք պարզեցնելու եղանակներ:

Նիստում ի գիտություն ընդունվեց նաեւ ՀՀ համայնքների 2011 թ. բյուջետային ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը: Նշվեց, որ 2011թ. ծախսերը կազմել են 106,6 մլրդ դրամ` 2010թ. համեմատ 6,4 մլրդ դրամով ավելի: Փոխվարչապետն ընդգծեց, որ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության մշակման հարցը ՏԿՆ 2012թ. գերակայությունների թվում է, եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկություններ պարբերաբար կներկայացվեն կոլեգիայի նիստում: Նա կոլեգիայի անդամներին եւս հորդորեց մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---