23 փետրվարի 2012 - 15:52 AMT
Հայաստանը ցանկանում է մասնակցել Բաքվում Եվրանեսթ ԽՎ նիստին, բայց սպասում է անվտանգության երաշխիքների

Հայկական պատվիրակությունը ցանկանում է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, որը կայանալու է ապիրիլի 2-5-ն Ադրբեջանում, լրագրողներին հաղորդել է Եվրանեսթի սոցիալական, մշակութային, կրթական և քաղաքացիական հարցերով հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը: «Կարող եմ ասել պատվիրակության բոլոր անդամների հետ զրույցներից հետո, որ մենք նիստին մասնակցելու ցանկություն ունենք: Եթե անվտանգության երաշխիքներ լինեն, ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի մասնակցել: Քանի որ այդ միջոցառումը ոչ թե Ադրբեջանինն է, այլ Եվրանեսթինը»,- ասել է նա:

Դրա հետ կապված Զաքարյանը նշել է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները Երևանում Եվրանեսթի սոցիալական, մշակութային, կրթական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ անվտանգության խնդիրներ չեն ունեցել, միևնույն ժամանակ նույնիսկ հայազգի ռուս մարզիկները Բաքվում խնդիրներ են ունեցել:

Ինչ վերաբերվում է Երևանում ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը հանձնաժողովի նիստին, ապա Զաքարյանը նշել է, որ «հաջողվել է խուսափել մտավախությունից, որ ամեն ինչ պտտվելու է հակամարտության խնդրի շուրջ»:

Նրա խոսքով, ադրբեջանցի գործընկերները խոստովանել են, որ իրենց երկրում կա որոշակի քարոզչություն, որը խանգարում է ավելի բաց և հստակ երկխոսությանը: Այդ առումով նա համոզմունք է հայտնել, որ Եվրանեսթ ձևաչափում նրանց հանձնաժողովը կարող է այնպես անել, որպեսզի սահմանափակի անընդունելի քարոզչությունը:

Զաքարյանը նաև հավելել է, որ որքան շուտ Ադրբեջանում ձևավորվի քաղաքացիական հասարակություն, այնքան լավ կլինի ողջ տարածաշրջանի համար, իսկ հակամարտությունների լուծման հնարավորություններն ավելի զգալի կլինեն: