Գնալ, թե չգնալ Բաքու. Այս է խնդիրը

Գնալ, թե չգնալ Բաքու. Այս է խնդիրը

PanARMENIAN.Net - Ի՞նչ են կարծում մեր համաքաղաքացիները Բաքվում կայանալիք Եվրատեսիլի մասին, հաշվի առնելով երեկ հայ երգիչների տարածած այն հաղոդագրությունը, ըստ որի իրենք բոյկոտում են մրցույթը: PanARMENIAN.Net ի թղթակիցը շրջել է Երևանի փողոցներում և ծանոթացել տարբեր տարիքի ու սեռի մարդկանց կարծիքներին:

Լոտո վաճառող 50-ամյա Ստեփան Բաբայանն, օրինակ, կարծոմ է, որ մեր երգիչները ճիշտ են անում, որ հրաժարվում են. «Հայաստանում ինչ լինի Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել՝ ցույց տալով, որ թքած ունի մեզ վրա, իսկ այնտեղ ինչ լինի մենք վազելով գնում ենք: Ստացվում է, որ իրենք ավելի շատ թասիբ ունեն, քան՝ մենք»:

16-ամյա Դավիթ Վարդայանն, ընդհակառակը, կարծում է, որ մասնակցել պետք է. «Այնպես չէ, որ նոր են սկսել հրադադարը խախտել ադրբեջանցիները, ու մինչև այդ էլ մենք գիտեինք, թե ով են նրանք: Այնպես որ, պետք է անպայման մասնակցել ու ցույց տալ, որ իրենցից վախեցող չկա»:

Դավթի հետ համաձայն չէ Մանուկ Մարգարյանը, որը հայտարարում է, թե Բաքվում երգելը մեզ համար ամոթ է. «Մեր երգիչներն էլ լավ է, որ սկսել են խելք հավաքել: Արոնյանից պետք է օրինակ վերցնել, ինքը այնպես արեց, որ շախմատային մրցույթը տեղափոխվեց Բաքվից»:

Մեր համաքաղաքացիների մեջ կան նաև այնպիսիք, ում համար «տարածքն անկարևոր է», իսկ մասնակցելը՝ պարտադիր է. «Տեղյակ չեմ, որ հայ երգիչները հրաժարվել են, բայց կարծում եմ, որ մասնակցելը պարտադիր է: Նրանք պարտավոր են ապահովել մեր մասնակիցների անվտանգությունը, ու կարծոմ եմ, որ այդպես էլ կանեն, քանի որ ամեն կերպ ուզում են ցույց տալ, թե ինչ «քաղաքակիրթ» երկիր են»,- ասաց 29-ամյա Քրիստինա Տեր-Աբրահամյանը:

«Այսքան ժամանակ ոչ մի լավ բան չենք տեսել իրենցից»,- ասաց 55-ամյա Մարտին Սահակյանը. «Մեր սպորտսմեններին ուղարկեցինք Բաքու, այնտեղ վանդակի մեջ էին պահում, որ բան չլինի ու, առհասարակ, փորձը ցույց է տալիս, որ իրենց պետք չէ վստահել»:

20-ամյա Նարինե Սարգսյանը նույնպես այն կարծիքին է, որ պետք է հրաժարվել մասնակցությունից. «Պետք չէ գնալ մի երկիր, որտեղ քո անվտանգությունը ոչ մի կերպ ապահովված չի, այնտեղ մեծից փոքր թշնամաբար են վերաբերվում հայերին: Նախկինում այդ կարծիքին չէի, մտածում էի, պետք է գնալ, բայց հիմա համոզված եմ, որ պաշտոնապես պետք է հրաժարվենք» : 47-ամյա Նարինե Բալաբեկյանը նույնպես ադրբեջանցիներին չի վստահում. «Չէի ուզենա, որ մեր հայրենակիցների կյանքը վտանգի ենթարկվեր ինչ-որ հիմար մրցույթի համար»:

Իսկ 21-ամյա Պապիկյան Հասմիկը կարծում է, որ գնալով ևս մեկ անգամ կապացուցենք մեր անվախ լինելը. «Պետք է գնալ, լավ երգ ներկայացնել ու հաղթել: Իրենք չեկան մեզ մոտ մանկական եվրատեսիլին, ցույց տվեցին , որ վախենում են: Մենք պիտի ցույց տանք, որ չենք վախենում իրենցից»:

Ստացվում է, որ հարցվածների մեծամասնությունը դեմ է Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք մրցույթին: Ավելին, նրանց մի մասը վստահ է, որ գնալը վտանգավոր է, ամոթալի ու ոչ պատվաբեր: Հայերը դեռ երկար ժամանակ չեն վստահի ադրբեջանցիներին, և դրա համար բոլոր նախադրյալները կան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---