Սերգեյ Մարկեդոնով. Ֆրանսիայի ՍԽ որոշումը յուրահատուկ բյուրոկրատական իրավական տրամաբանություն է

Սերգեյ Մարկեդոնով. Ֆրանսիայի ՍԽ որոշումը յուրահատուկ բյուրոկրատական իրավական տրամաբանություն է

PanARMENIAN.Net - «2012թ. փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունեց որոշում, որի համաձայն 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը ճանաչվել է ֆրանսիական Սահմանադրությանը հակասող: Անձամբ ինձ համար այստեղ ոչ մի անակնկալ չկա: Այս կամ այն ցեղասպանության ճանաչման կամ ժխտման խնդիրը, որքան էլ դա ցինիկորեն հնչի, արդեն վաղուց քաղաքական խնդիր է դարձել»,- PanARMENIAN.Net ին է հայտնել Վաշինգտոնի Ռազմավարական հեռազոտությունների կենտրոնի հրավիրված աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով` նրանք, ովքեր այդ հարցը բարձրացնում էին Ազգային ժողովում և Ֆրանսիայի Սենատում, առաջին հերթին կողմնորոշվում էին ոչ թե աբստրակտ արժեքներով, այլ քաղաքական շահերով: «Մանրամասն չեմ պարզաբանելու, թե կոնկրետ ինչ շահերով: Այդ մասին արդեն շատ բան է ասվել: Ինչ վերաբերում է Սահմանադրական խորհրդին, ապա դրա քայլերը նույնպես հասկանալի են: Որպես կանոն գերագույն դատական ատյաններն ավելի պահպանողական են: Եվ ոչ միայն նման ազգային հարցերում: Բավական է հիշել ԱՄՆ Գերագույն դատարանի փորձը, որը չեղյալ հայտարարեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի բազմաթիվ միանգամայն հիմնավորված սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ, որոնք ընդունվել էին նրա կողմից «մեծ դեպրեսիայի» ժամանակ: Ֆրանսիայի ՍԽ մտավախություն ունի, որ նման կոշտ իրավական սահմանումը կարող է հանգեցնել սադրանքների և այդ սուր հարցը կոնյուկտուրային խնդիրների լուծման համար օգտագործելուն: Դա յուրահատուկ բյուրոկրատական իրավական տրամաբանություն է, այլ ոչ թե դատավորների չարամտություն: Ինչևէ, Ֆրանսիայի մի շարք քաղաքական գործիչներ արդեն հայտարարել են, որ շարունակելու են պայքարն իրենց իրավացիության համար: Հետևաբար, պրագմատիկայի և պատմական արդարության հարաբերակցության մասին հին վեճը կշարունակվի»,- ընդգծել է փորձագետը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---