Հայաստանում սպառողները չգիտեն ինչպես պաշտպանել իրենց իրավունքները

PanARMENIAN.Net - Ողջ աշխարհում այս օրը նշանավորվում է որպես սպառողական խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ճանապարհներ առաջարկելու օր: Որքանո՞վ են պաշտպանված մեր քաղաքացիների սպառողական իրավունքները, ինչքանով են հենց իրենք` սպառողները պաշտպանում իրենց իրավունքները: Փորձեցինք պարզել մեր համաքաղաքացիներից:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Տաթևիկը նշում է, որ եթե ինքը չպաշտպանի իր շահերը, ապա դրանք հաստատ կոտնահարվեն: «Իմ ծանոթների հետ հաճախ են եղել դեպքեր, երբ նրանք գնել են սնունդ, որի պիտակը ժամկետի մեջ է, բայց սնունդը փչացած է եղել: Եթե ես լինեի, կփորձեի ետ տանել ապրանքը, բայց մեզանում դեռևս ձևավորված չէ այդ մշակույթը»: Իսկ, թե ուր կարող է դիմել, եթե իր հետ նման դեպք պատահի, Տաթևիկը դժվարացավ ասել:

Նարինեն նույնպես պատմում է, որ շատ հաճախ է պատահում, որ, չնայած ապրանքի վրայի գրառումներին՝ սնունդը հին է լինում, բայց իրենք ետ չեն տանում. «Հիմնականում ձու և կաթնամթերք գնելիս է պատահում, որ միայն տանն ենք պարզում, բայց դե հայկական բնավորության համաձայն ասում ենք` դե լավ, ապացուցելու խնդիր կա»:

Երևանյան սուպերմարկետներից մեկի տնօրեն Մարտին Սահակյանը նշում է, որ գնորդները վերջին շրջանում հատկապես բծախնդիր ու պահանջկոտ են դարձել, անպայման նայում են ապրանքի մակնշումը ու նոր գնում: «Իհարկե եղել են դեպքեր, երբ պիտանելիության հետ ինչ-որ բան այն չի եղել, բայց հիմնականում խնդիրները հարթվել են, և մենք ապրանքը ետ ենք վերցրել»,- նշեց նա:

Խանութի հաճախորդներից մեկն էլ PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ որպես սպառող իր իրավունքները պաշտպանված չի համարում. «Ուստի շատ ուշադիր եմ և ապրանք գնելիս անպայման նայում եմ պիտակին, այլապես չգիտեմ ետ կվերցնեն, թե ոչ»:

Այնուհանդերձ, կան մարդիկ, որ իրենց իրավունքերը պաշտպանված են համարում. «Շատ լավ է սպասարկումը, չեն խաբում, համենայն դեպս, սուպերմարկետների դեպքում, ես ամեն ինչից գոհ եմ», - նշեց 64-ամյա Աշոտ Կարապետյանը:

Գոհարիկ Բաբայանը համակարծիք է այն մտքին, որ անպայման պետք է պաշտպանել շահերը. «Պարզապես, երբ հոգնած աշխատանքից վերադառնում ես, արդեն չես նայում պիտակին ու, տուն բերելով, տեսնում ես, որ ապրանքը հին է ու արդեն ալարում ես տանել ետ տալ, իսկ ետ տանելու դեպքում էլ, չգիտես կվերցնեն, թե՝ ոչ»:

Ստացվում է, որ հիմնականում մարդիկ չեն վերադարձնում ժամկետանց ապրանքը` խուսափելով ավելորդ գլխացավանքից: Այսպիսով մարդիկ դժգոհ են, որ իրենց իրավունքները չեն պաշտպանվում, բայց հենց իրենք չեն ուզում դա անել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---