Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է պատճառ հանդիսանալ Թուրքիային ԵՄ չընդունելու համար

Ռուբեն Սաֆրաստյան.

Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է պատճառ հանդիսանալ Թուրքիային ԵՄ չընդունելու համար

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի վերջին իրադարձությունները, կապված Իրանի վրա ԱՄՆ հարձակման հնարավորության հետ, սեւեռում են Վաշինգտոնի ուշադրությունը Թուրքիայի, եւ որոշ չափով` Ադրբեջանի վրա: Թե ինչպես կարող է այդ «ուշադրությունն» անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ղարաբաղյան խնդրի լուծման վրա PanARMENIAN.Net-ը խնդրել է մեկնաբանել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանին:
Ամեն տարի ապրիլին ակտիվանում է Թուրքիայի արտաքին քաղաքական գործունեությունն, ուղղված Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այժմ այդ գործընթացին է միացել նաեւ Ադրբեջանը: Որքան կշիռ ունի վերջինիս ներդրումը «եղբայրական Թուրքիային օգնելու» գործում:

Դժվար է լուրջ ընկալել Ադրբեջանի ջանքերը Հայոց ցեղասպանության ուրացման գծով «եղբայրական Թուրքիային օգնելու» գործում: Սովորաբար, պատմական իրողության զեղծարարները ավելի խանգարում են միմյանց, քան օգնում, քանի որ այդ դեպքում զեղծարարության փաստն ավելի տեսանելի է դառնում: Բացի այդ, պետք չէ մոռանալ, թե որքան կոպիտ է աշխատում ադրբեջանական քարոզչական մեքենան...

Ադրբեջանն իսկապե՞ս Թուրքիային է համարում այն պետությունը, որի վրա կարող է հույսը դնել ղարաբաղյան կարգավորման հարցում:

Կարծում եմ, որ Ադրբեջանը կգերադասեր, որպեսզի ղարաբաղյան կարգավորման հարցում որպես «միջնորդ» հանդես գար միայն Թուրքիան, որը ջանք չէր խնայի տարածաշրջանում «հայկական գործոնը» թուլացնելու համար: Բարեբախտաբար, Թուրքիայի միջոնրդությունն անհնար է:

Չափազանցված չեն արդյո՞ք հավաստիացումները «եղբայրական բարեկամության» վերաբերյալ:

Անկասկած, չափազանցված են, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր շահերն ունի: Ուղղակի, տարածաշրջանում «հայկական գործոնի» առումով դրանք համընկնում են:

Հրանտ Դինկը վերջերս նշեց, որ քրդերը գնում են այն նույն սխալ ճանապարհով, ինչ հայերը 1915 թվականին, հույսը դնելով գերտերությունների վրա: Ի՞նչ եք կարծում, նա իրավացի է:

Ոչ, իրավացի չէ: Առաջինը, 1915թ. ցեղասպանությունը ոչ թե այն բանի արդյունք է, որ հայերը հույսները դրել էին մեծ տերությունների վրա, այլ նախապես ծրագրված եւ մանրակրկիտորեն նախապատրաստված գործողությունների արդյունք էր, ուղղված բնիկ հայ բնակչության ոչնչացմանն իր պատմական հայրենիքում: Երկրորդը, ստեղծված իրավիճակում քրդերը ուղղակի այլընտրանք չունեին, քանի որ ակնհայտ է, որ թուրքական պետությունը պատրաստ չէր նրանց այն իրավունքները տալ, որ նրանք պահանջում էին:

Կարող է Ցեղասպանության մերժումը դառնալ Թուրքիային ԵՄ չընդունելու պատճառ:

Ես նման հնարավորություն չեմ բացառում:

Ինչպես կարող է իրեն պահել Թուրքիան, եթե ԱՄՆ-ն ուժեղացնի ճնշումը Իրանի հանդեպ:

Արդեն այժմ թուրքական դիվանագիտությունը կտրուկ ակտիվացրել է իր ջանքերը` առավելագույն շահ կորզելու համար այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Թուրքիայով: Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում նա սահմանափակ աջակցություն ցույց կտա ԱՄՆ-ին, սակայն միայն այն դեպքում, եթե էական զիջումներ ստանա նրա կողմից:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---