Թուրքիայի պետական մտածելակերպը մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը

Արման Կիրակոսյան.

Թուրքիայի պետական մտածելակերպը մերժում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Որքան շատ է ջանում Թուրքիան անդամակցել Եվրոպական հանրությանը, այնքան հաճախ են նրան հիշեցնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Գնալով շատանում է եվրոպական այն երկրների թիվը, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայում գնալով բորբոքվում են կրքերը այս հարցի շուրջ: PanARMENIAN.Net-ը դիմել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանին` խնդրի որոշ ասպեկտները լուսաբանելու խնդրանքով:
Ավելանում է Եվրոպայի այն պետությունների թիվը, որոնք դիմում են Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային: Կարելի՞ է եզրակացնել, թե դա արվում է Եվրամիություն Թուրքիայի մուտքը խոչընդոտելու համար:

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը Եվրոպայի պետությունների կողմից նոր գործընթաց չէ, այն սկսվեց անմիջապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ վերսկսվեց 1960-ականների կեսերից: Նման ճանաչման փաստ է Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների 1915 թվականի ապրիլի 24-ի համատեղ հայտարարությունն, որտեղ արձանագրվում էր, որ «Հայաստանում հայերի ջարդ է կատարվում քրդերի եւ թուրքերի կողմից օտտոմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն ուղղակի աջակցությամբ»: Այս հայտարարությունը կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը (թեեւ «ցեղասպանություն» տերմին այն ժամանակ չկար) դատապարտող առաջին միջազգային փաստաթուղթը, որը բնութագրեց հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը որպես Թուրքիայի հանցագործություն «ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության», որի համար անձնական պատասխանատվություն են կրում կառավարության բոլոր անդամներն, ինչպես նաեւ տեղական իշխանությունները:

Երբ Հայաստանը անկախություն հռչակեց 1991 թ., միակ եվրոպական պետությունը, որ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսն էր: Չնայած դրան, եվրոպական հանրային կարծիքի հետաքրքրությունն այդ խնդրի վերաբերյալ էապես աճեց 1970-1980 թթ., այն ակտիվորեն քննարկվում էր եվրոպական մամուլում եւ տարբեր միջազգային կազմակերպություններում նաեւ դրանից առաջ: Այդպես, Հայոց ցեղասպանությունը քննարկման առարկա դարձավ Ժնեւում` Մարդու իրավունքների հանձնաժողովի ոտնահարման կանխարգելման եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում: 1985 թվականին ենթահանձնաժողովի նիստում քննարկվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի զեկույցը ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին, որտեղ հատուկ տեղ էր հատկացված Հայոց ցեղասպանությանը: Զեկույցի 24-րդ կետը սահմանում էր «1915-1916թթ. օսմանցիների կողմից հայերի ջարդը» որպես ցեղասպանության օրինակ: Այդ խնդրին էր նվիրված նաեւ «Ժողովրդների մշտական տրիբունալի» նստաշրջանը Փարիզում (1984թ.), որով սահմանվեց, որ «ըստ 1948 թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, հայ ժողովրդի ոչնչացումը բռնագաղթի եւ զանգվածային սպանությունների միջոցով ցեղասպանություն էր»:

Ի վերջո, 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց կարեւորագույն եվրոպական կառույցի` Եվրախորհրդարանի կողմից: «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի 4 կետում նշվում է, որ «ելնելով նրանից, որ ժամանակակից թուրքական կառավարությունը հրաժարվում է ճանաչել անցյալում երիտթուրքերի կառավարության գործած հայ ժողովրդի ցեղասպանությունը...ինչպես նաեւ այն, որ ...այդ երկրում բացակայում է իրական խորհրդարանական ժողովրդավարությունը, ոտնահարվում են անձնական, կոլեկտիվ եւ, հատկապես, կրոնական ազատությունները, անհաղթահարելի խոչընդոտ են ստեղծում Եվրոպական տնտեսական ընկերակցությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին հարցի քննարկման համար»: Այդպիսով, Եվրոպայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ այդ հարցի արծարծումը որպես եվրոպական կառույցներում Թուրքիայի անդամակցության համար նախապայման, նոր երեւույթ չէ: Եվրախորհրդարանի որոշումից 20 տարի անց, անուղղակիորեն, եվրոպական չափանիշներին հասնելու միտումով, անհրաժեշտ բարեփոխումների համատեքստում այն իրոք կարելի է դիտարկել որպես նախապայման Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունների պայմաններում:

Այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Բելգիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի խորհրդարանները, հարցի քննարկումը շարունակվում է մի շարք եվրոպական երկրների օրենսդիր մարմիններում: 2004 թվականի ապրիլի 1-ի եւ դեկտեմբերի 15-ի, 2005 թվականի սեպտեմբերի 28-ի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանաձեւերում Եվրախորհրդարանը կրկին հաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` կոչ անելով «Հանձնաժողովին եւ Խորհրդին պահանջել թուրքական իշխանություններից ճանաչել 1915 թ. հայերի դեմ իրականացված ցեղասպանության պատմական փաստը եւ անհապաղ ապաշրջափակել սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»: Թեեւ եվրախորհրդի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, դրանք լիովին արտացոլում են եվրոպական կուսակցությունների եւ ընդհանուր առմամբ Եվրոպայի հասարակական կարծիքի տրամադրությունները:

Համաձայն եք այն կարծիքի հետ, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, վախենալով Հայաստանի կողմից տարածքային պահանջներից:

Շատ տասնամյակների ընթացքում Թուրքիայում արմատացած կարծրատիպերը եւ այսօրվա պետական մտածելակերպը լիովին բացառում են այն բանի նույնիսկ նվազագույն հնարավորությունը, թե թուրքական իշխանությունները կարող էին նման գործողություններ կազմակերպել: Թուրք դիվանագետների կամ գիտական մտավորականության ներկայացուցիչների հետ առանձին զրույցներում նրանցից ոմանք խոստովանում են, որ իրոք, տեղի ունեցածը ցեղասպանություն է, սակայն ներկայիս իշխանությունները չեն համարձակվի դա ճանաչել, քանի որ վաղն եւետ պաշտոնանկ կարվեն: Ես կարծում եմ, որ միայն ժամանակի ընթացքում, եվրոպական բարեփոխումների հնարավոր իրականացման համատեքստում նոր եւ բարեփոխված Թուրքիայի իշխանությունները ի վիճակի կլինեն փոխել առկա դիրքորոշումը: Պաշտոնական Թուրքիան այսօր շարունակում է որակել օտտոմանյան իշխանությունների գործողությունները (հայերի բռնագաղթը մերձճակատամարտային գոտուց) որպես պատասխան իբր հայերի տեղ գտած ապստամբությանը եւ Անտանտի երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին ցուցաբերած աջակցությանը: Եվ իբր քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվեցին ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր: Մինչդեռ, իրականում, 40 տարի շարունակ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը, օգտագործելով ցեղասպան քաղաքականությունը, որի գագաթնակետը դարձավ հայերի զանգվածային ջարդն ու բռնագաղթը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իրականացնել հայրենասպանություն, այսինքն «մաքրել» ավտոխտոն հայ բնակչությունից ոչ միայն հայերի բնօրրանը` Հայկական բարձրավանդակը, այլ նաեւ ողջ Օսմանյան կայսրության տարածքը (1895 թ. Օսմանյան կայսրությունում բնակվում էր առնվազն 3 մլն հայ, 1914 թվ.` շուրջ 2,5 մլն, ներկայումս` 70 հազար, հիմնականում ` Ստամբուլում): Ցեղասպանության հիմնական նպատակն էր խոչընդոտել եւ կանխել հայ ժողովրդի անվտանգ կյանքի արդարացի եւ բնական ձգտումը, ինչպես նաեւ Օսմանյան Կայսրության արեւելյան շրջաններում բնակվող հայ բնակչության համար բարեփոխումներ կատարելու, ինքնավարություն տրամադրելու եվրոպական տերությունների մտադրությունները (878թ. Սան-Ստեֆանոի ռուս-թուրքական համաձայնագիրը, 1878թ. Բեռլինի պայմանագիրը, 1895թ. Բարեփոխումների մայիսյան նախագիծը, 1914 թ. ռուս-թուրքական համաձայնագիրը): Նույնիսկ եթե ենթադրենք, որ ողջ հայ բնակչությունը ապստամբեց օսմանյան կայսրության դեմ (թեեւ իրականում հայերի մեծ մասը անզեն էր եւ եղան ինքնապաշտպանության առանձին դեպքեր), դա ոչ մի կերպ չի կարող արդարացնել օսմանյաա իշխանությունների գործողությունները, որոնք լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի հայտնի կոնվենցիայի որակմանը եւ այլ համապատասխան այլ միջազգային փաստաթղթերին:

Որքանո՞վ է ամուր այսպես կոչված թուրք-ադրբեջանական բարեկամությունը: Հնարավոր է, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար «զոհաբերի եղբայրներին» եւ բացի սահմանը:

Ինչպես հայտնի է, ներկայումս ՀՀ կառավարությունը նախնական պայման չի դնում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերութւուններ հաստատելու հարցում: Միեւնույն ժամանակ, թուրքական կողմի համար ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը հիմնական պայման է հանդիսանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու համար: Այդպիսով Թուրքիան ոտնահարում է ոչ միայն ընդունված միջազգային իրավունքի նորմերը, այլ նաեւ խախտում է գործող 1921թ. Կարսի պայմանագիրը, որով գծվել է սահմանը: Թեեւ Կարսի պայմանագիրը փաստորեն կրկնեց Մոսկվայի 1921թ. պայմանագիրը, որը ոտնահարում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կենսական շահերը, իրականում միակ դիվանագիտական ակտն է այս ժամանակահատվածում, որով կանոնակարգվում են երկկողմ հարաբերությունները, որը կողմերից ոչ մեկը դենոնսացիայի չի ենթարկել: Պայմանագրի 17-րդ կետում նշված է, որ կողմերը պետք է «... միջոցներ ձեռնարկեն երկաթուղային, հեռագրային եւ հաղորդակցության այլ միջոցների պահպանման եւ զարգացման համար, ինչպես նաեւ ապահովեն մարդկանց եւ բեռների ազատ փոխադրումը»: Անկարայի հետ բանակցություններում ԵՄ-ի պայմաններից մեկն այն է, որ Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա բոլոր հարեւանների, այդ թվում Հայաստանի հետ: Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի մշտական ճնշումն այս հարցում, Թուրքիայի կառավարությոնը դժվարին կացության մեջ է հայտնվել: Այսօր նա փորձում է քողարկել իրավիճակը, հայտարարելով, թե երկու երիրների միջեւ կան օդային եւ ավոտբուսային փոխադրումներ, էական ապրանքաշրջանառություն, Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է վիզա ստանալ եւ հատել Թուրքիայի սահմանը եւ այլն: Այո, բայց այս ամենը տեղի է ունենում կամ օդային ուղիով, կամ երրորդ երկրների տարածքով, լիակատար շրջափակման եւ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների բացակայության պայմաններում: Մյուս կողմից, Թուրքիան չի ցանկանում զոհաբերել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, քանի որ, ըստ ադրբեջանական իշխանությունների տրամաբանության, Թուրքիայի հետ սահմանի բացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության աճին, որն էլ կկարծրացնի հայկական կողմի դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ բանակցություններում:

Որքանով է ծանրակշիռ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը Ջորջ Բուշի վարչակազմի վրա ազդեցության առումով

Այսօրվա դրությամբ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը կազմված է 149 կոնգրեսականից` ինչպես դեմոկրատներից, այնպես էլ` հանրապետականներից, որոնք տարբեր նահանգներ են ներկայացնում: Այն Կոնգրեսի առաջատար, ազդեցիկ եւ մեծաքանակ խմբերից մեկն է, որը սատարում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ հայ համայնքի շահերին, զբաղվում է Հայաստանին տնտեսական եւ ռազմական աջակցության հարցերով, Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ այլ հարցերով: Կոնգրեսի հայկական խումբն աշխատում է սերտ համագործակցելով ինչպես հայկական լոբբիստական կազմակերպությունների, այնպես էլ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---