Հրազդան Մադոյան.

Ջավախքի թուրքացումով Թուրքիան վերականգնում է Անատոլիայից Ադրբեջան ձգվող համատարած թուրքական գոտին

PanARMENIAN.Net - Իրադրությունը Սամցխե-Ջավախքում, որը երբեք հանգիստ չի եղել, վերջին ժամանակներս ավելի սկսեցվ գրավել հայ քաղաքական գործիչների ուշադրությունը: Վրաստանի այդ տարածքի բնակչության անունից հանդես են գալիս ամենատարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ: PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է «Անանիա Շիրակացի» համալսարանի պրոռեկտոր, Հայկակակն հարցի, Ղարաբաղի ու Ջավախքի խնդիրների շուրջ մի շարք հրապարակումների հեղինակ, քաղաքագետ Հրազդան Մադոյանը:
Ներկա դրությամբ Ջավախքի անունից խոսում են մի շարք հասարակական կազմակերպություններ: Բնական է, որ նրանք բոլորը տրամագծորեն տարբեր բաներ են ասում: Որտե՞ղ է ճշմարտությունը: Իրավասու՞ են արդյոք այդ ՀԱԿ-երը խոսել Ջավախքի ժողովրդի անունից:

«Տարածաշրջանի անունից խոսող» կազմակերպությունները պայմանականորեն կարելի է երկու կամ երեք խմբի բաժանել: Առաջին խումբը. հայերի կողմից հենց Ջավախքում ստեղծված կազմակերպություններ: Հակասությունները նրանց միջեւ հիմնականում ծագում են ռազմավարության հարցում իրենց իրավունքների համար մղվող պատերազմում եւ որքան հեռու են նրանք ցանկանում եւ կարող են հասնել իրենց պահանջներում: Բնական է, որ երիտասարդական կազմակերպությունները ավելի կտրուկ են տրամադրված, մյուսները ավելի զգույշ են իրենց հայտարարություններում, որը, սակայն, էական չէ: Նրանք բոլորը միահամուռ են մեկ հարցում. կենտրոնական վրացական իշխանությունների քաղաքականությունը վերջին հարյուրամյակում եւ ավելին կրում է ընդգծված հակահայկական բնույթ: Այն ուղղված է հայերին տարածաշրջանից դուրս մղելուն, ուր նրանք բնակվում են ամենաքիչը 3000 տարի, կամ ազգագրական պատկերի այնպիսի փոփոխության, երբ հայերը կդառնան ազգային փոքրամասնություն առանց ձայնի իրավունքի, կամ առանց նրա, որ նրանց ձայնը լսելի լիներ կամ առավել եւս հաշվի առնվեր: Կազմակերպությունների այդ խումբն իրոք ժողովրդի կարծիքի արտահայտողն է:

Երկրորդ խումբը. Հայաստանում գրանցված կամ գործող կազմակերպություններ: Նրանց մի մասը զբաղվում է տնտեսական ծրագրերի ստեղծմամբ ու իրականացմամբ, որքան հաջող` դա այլ հարց է. մեծ մասամբ դրանք կարճաժամկետ ծրագրեր են: Մյուս մասը փորձում է Հայաստանում ունեցած իր հարցերը լուծել Ջավախքի ծագում ունեցող քաղաքացիների միջոցով: Երկրորդների հեղինակությունը իրոք մեծ չի, առաջինների մասին գիտեն միայն նրանք, ում հետ նրանք անմիջականորեն աշխատում են: Այդ կազմակերպությունները ջանադրաբար շրջանցում են այն ամենը, ինչ նույնիսկ մոտավոր կերպով կարող է որպես քաղաքականություն որակվել:

Վերջապես, երրորդ խումբը. անցանկալի կազմակերպություններն ու անձիք են, ինչպիսիք են վրաց խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդը, որոնք այնքան Վրաստանի իշխանություններին չեն ծառայում, որքան ղեկավարությունից առանձին մարդկանց: Նրանք ուղարկվում են Թբիլիսիից եւ Ջավախքում նրանց հանդեպ վերաբերմունքը համապատասխան է: Վերջապես, գոյություն ունեն տարբեր բնույթի վրացական կազմակերպություններ, սկսած եկեղեցականից ու կրոնականից վերջացրած իրավապաշտպանականով, որ գործում են Ջավախքում: Դրանք բոլորը ծայրահեղ ազգայնամոլական են, հայկական կազմակերպությունների համագործակցությունը մերժում են եւ վարում են իշխանությունների պաշտոնական կուրսը` «Ջավախքն առանց հայերի»: Վերջին տարում, Ջավախքի թուրքացման կապակցությամբ, նկատելի է թուրքական կազմակերպությունների ակտիվացումը, որոնք դեռ բացեիբաց չեն խոսում իրենց գոյության մասին. հայերի հասցեին ուղված սպառնալիքներով թռուցիկներ են տարածվում, որը, թեեւ, կարող է նաեւ վրաց հատուկ նշանակության ծառայությունների պրովոկացիան լինել:

Ռուսական ռազմակայանը այնուամենայնիվ դուրս է բերվում Ախալքալաքից: Ըստ արտահայտվող կարծիքների, տարածաշրջանի հայերն անպաշտպան են մնում: Ի՞նչ կարելի է ձեռնարկել այս իրավիճակում, չվնասելով միջպետական հարաբերություններին:

Վրաստանի սիրախաղը Ռուսաստանի հետ ավարտված է: Վրաստանը գտավ իր համար (առնվազն նա այդպես է կարծում) ավելի ապահովված, ավելի ուժեղ եւ ավելի կարող սիրեկանի, կամ նույնիսկ երկուսին միանգամից` այսպես կոչված սեր երեքով: Նրանցից մեկը` Թուրքիան, թեեւ որոշ չափով գազանաբարո, սակայն վաղեմի սիրեկան է: 1921 թվականին նրա մերժումը ստիպված քայլ էր, քանի որ Ռուսաստանը չէր պատրաստվում ոչ ոքի հետ կիսել Վրաստանը: Այնպես որն Վրաստանի համար բուռն սիրավեպը Թուրքիայի հետ վերադարձ է ի շրջանս յուր: Երկրորդ սիրեկանը` ԱՄՆ-ն է: Նրա հետ նույնպես ամեն ինչ պարզ է` եկավ, տեսավ, տիրացավ, առավել եւս երբ առկա է «ընկերուհու» ակնհայտ ցանկությունը: Մկաններով խաղացող երիտասարդ կովբոյ` ինչպես կարող է չգայթակղվել բալզակյան տարիքի տիկինը: Չէ որ երեքով այս բուռն սիրավեպը կարող է վերջինը լինել նրա կյանքում: Այս ֆոնի վրա հասկանալի էր, որ ռազմակայնները վաղ թե ուշ դուրս կբերվեին: Որքան էլ հոխորտա Ռուսաստանը, հայտարարելով, թե դա իր համար կենսական նշանակություն ւոնի, Մեծ Կովկասի ողջ տարածաշրջանում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը խաչ է քաշել ողջ ռուսական քաղաքականության վրա` սկսած Պետրոս Մեծից եւ կանախատեսված ժամանակին` 19-րդ դարի 90-ականներին: Ռուսաստանը հեռացավ Կովկասից: Պանթուրանիզմի համար բաց են բոլոր ճանապարհները, բոլոր ուղիները: Հայաստանում գտնվող ռազմակայանը կարեւոր է մեզ համար, այն տարածաշրջանում լուծում է մարտավարական, բայց ոչ ռազմավարական խնդիր: Ջավախքի թուրքացումով, ինչին միշտ ձգտել է Թուրքիան եւ ինչին ինքնասպանորեն նպաստում է Վրաստանը, Թուրքիան վերականգնում է Անատոլիայից Ադրբեջան ձգվող համատարած թուրքական գոտին: Հայաստանը դառնում է անվտանգ անկլավ, ամբողջովին կախված լինելով Թուրքիայի կամքից ու ցանկություններից: Այդ պատճառով մենք ասում ենք, որ Ջավախքը Հայաստանի համար կյանքի հարց է:

Ջավախքի հայերը անպաշտպան չեն. հիմա 1915 եւ նույնիսկ 1988 թվականը չէ: Տարածաշրջանի բնակչությունը կարող է ինքն իրեն պաշտպանել: Այլ հարց է, որ դա ռիկոշետով կհարվածի Հայաստանին, որն, ինչպես եւ 1988 թվականին, կներքաշվի հակամարտության մեջ, թթեւ ինչպես այն ժամանակ, այժմ էլ իշշխանությունները դա չեն ցանկանում: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան նրանք կկարողանան զսպել ջավախահայերին եւ կցանկան արդյոք ջավախքցիները Հայերնիքը կորցնելու գնով ապահովել հայ «գործարարների» ապրանքների տարանցումը: Այսօր միակ ելքը ճգնաժամից Ջավախքի հիմնական պահանջների բավարարումն է: Դա բոլոր հայկական գյուղերի առանձնացումն է մեկ միասնական շրջանում, դրան ինքնավարության տրամադրումը (ինչը վրացիները այժմ առաջարկում են աբխազներին), Հայաստանի հետ ազատ շփումը: Դա պահանջների ոչ ամբողաջական ցուցակն է, քանի որ Վրաստանն ի դեմս իր այսօրվա ղեկավարության, ինչպես նաեւ յուրաքանչյուր մեկ ուրիշ ղեկավարության դեպքում, չի գնա դրան, միջպետական հարաբերությունները ամեն դեպքում կխախտվեն:

Կյանքի կկոչվի՞ Կարս-Ախալքալաք-Բաքու նախագիծը

Միանշանակորեն` այո, եթե մինչ այդ հայերը ապստամբություն չբարձրացնեն, պարտադիր չէ` զինված: Եթե չբարձրացնեն, դա կլինի Ջավախքի վերջը:

Մերձդնեստրը, Հարավային Օսեթիան եւ աբխազիան համաձայնագիր են ստորագրել դաշինքի մասին: Ինչո՞ւ այնտեղ չկա ԼՂՀ-ն:

Անմեկնելի են Աստծո ճանապարհները, անմեկնելի է նաեւ մեր քաղաքական գործիչների տրամաբանությունը: Իհարկե այդ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է լինի չորրորդը: Չնայած մասնակի տարբերություններին, կարեւոր է ընդհանուրը այս բոլոր երկրների համար. նրանք հայտարարել են իրեն անկախության մասին, պետությունների կողմից ռազմական ագրեսիայի են ենթարկվել հսկայական տարածքային ու մարդկային ռեսուրսներով, պատերազմում պաշտպանել են իրենց անկախությունը եւ այսօր, 15 տարի անց, առավել կայացած են որպես ինքնավար պետություններ, քան նրանք, որ հարձակվել էին նրանց վրա անեքսիայի նպատակով: Ինչը բնական է: Ոչ ոք չի կարող զրկել ժողովրդներին ինքնուրույն ապրելու իրավունքից: Աշխարհում տասնյակ պետություններ գոյություն ունեն շատ ավելի փոքր տարածքով ու բնակչությամբ, սակայն ազատ ու ինքնուրույն գոյատեւելու նրանց իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Պարզապես ՄԱԿ-ում գտնում են, որ, չնայած բոլորը հավասար են, մի մասն ավելի հավասար է:

ԱՄՆ եւ ՌԴ-ն ճանաչեցին Չերնոգորիայի անկախությունը: Հանրաքվեի է պատրաստվում Մերձդնեստրը: ԼՂՀ հանդեպ վերաբերմունքն այլ է: Ի՞նչն է պատճառը` Ադրբեջանի էներգակիրները, թե այլ պատճառ կա:

Պատճառը էներգակիրներն են եւ ոչ միայն: Նախկին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ն ձգտում է թուլացնել եւ մեկուսացնել Սերբիային, որն ավանդաբար հավաքում է հարավսլավոնական հողերը, բացառելու համար Հարավսլավիայի վերականգնումը: Չէ որ իրականում խորվաթները նախկին կաթոլիկ սերբերն են, բոսնյացիները` մահմեդական սերբերն են: Իսկ այնպիսի ժողովուրդներ, ինչպես մակեդոնացիներն ու չերնոգորները, ընդհանրեպս չեն եղել: Ինչպես, օրինակ, մենք մեր չերնոգոր-ղարաբաղցիներին առանձին ժողովուրդ համարեինք: Նատոյական աշխարհաքաղաքագետներին հաջողվեց բաժանել հարավային սլավոններին կրոնական սկզբունքով: Այդ պատճառով էլ հայտնվեց արհեստական խնդիր` Չերնոգորիայի անկախությունը, ինչը եւ գրավեց հանրապետության բնակչության կեսին: Սա իմպերիալիստական քաղաքականության դասական օրինակ է` բաժանիր եւ տիրիր:

Մերձդնեստրում նույնպես ոչ գազամուղեր կան, ոչ էլ նավթամուղեր. նա անհետաքրքիր է, ցանականում է իր տնով ապրել, թող ապրի: Այդ պատճառով, ՄՄՀ անկախության պաշտոնական ճանաչումը, որից հետո երկրորդ «Մ»-ը կվերանա, սարերի ետեւում չէ:

Այլ է Հարավային Կովկասը` Ռուսաստանի «փորատակը», Թուրքիայի բաղձալի երազանքը: Այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հայաստանը գտնվում է տարածաշրջանի կենտրոնում եւ դեռեւս տեսականորեն, իսկ ցանկության դեպքում` պրակտիկորեն, կարող է վերահսկել բոլոր խողովակագծերը: Պատահական չէ, որ ԲԹՋ-ն կառուցել են ավելի երկար, շրջանցելով Ջավախքը, չնայած նրա սահմանի երկայնքով: Հայկական ազգը հիմա վերելքի վրա է: Ազգային ոգին ձերբազատվել է զոհի սինդրոմից, երկրի ներսում անջատողականության խնդիր չկա, կա լավ մարտունակ բանակ, որն անցել է Ղարաբաղն ու դուրս եկել հաղթանակած, միայն իր վրա է հույս դնում եւ վստահ իր ուժերին: Այդ բոլորը չես կարող ասել մյուս երկու հարեւանների մասին, որոնք, ապաշնորհ կերպով կորցնելով ամեն ինչ, հույս են դրալ. մեկը` Թուրքիայի, մյուսը ԱՄՆ-ի վրա, եւ, ըստ էության, քաղաքակրթվածության եւ միայնակ գոյատեւելու քննությանը չեն դիմանում: Ադրբեջանն ու Վրաստանը չեն կայացել որպես ժողովրդավարական պետություն` այդ բառի եվրոպական եւ համընդհանուր հասկացության շրջանակներում. դրա ապացույցն են Վրաստանի անվերջ հեղաշրջումներն ու քաղաքացիական պատերազմները եւ արեւելյան բռնատիրության հաստատումը Ադրբեջանում:

Նրանց ֆոնի վրա Հայաստանը կարող է օրինակ ծառայել: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԽ-ն, ՆԱՏՕ-ն ցանկանում են ընկերանալ արջի հետ եւ պահել նրանից մեղրը: Դա անհնար է, սակայն ԼՂՀ ճանաչումը կձգձվի միչեւ բոլորը չհամակրպվեն ստատուս-քվոյի հետ, քանի որ ակնհայտ է, որ փոխզիջումներ փնտրելու քաղաքականությունը վաղուց իրեն սպառել է եւ, ի հեճուկս բոլոր հավաստացումների, կողմերից մեկը անխուսափելիորեն կհայտնվի պարտվածի դերում: Բոլորը դա գիտեն, ինչպես եւ գիտեն, որ ճշմարտությունը հայկական Չերնոգորիայի կողմն է, սակայն Ադրբեջանի կողմն է նավթը եւ Թուրքիայի աջակցությունը: Եթե սա լիներ 1939 թվականը, ԼՂՀ-ն վաղուց ի վեր անեքսիայի կենթարկեին հօգուտ հիտլերյան Գերմանիայի, ներեցեք, ալիեւյան Ադրբեջանի, սակայն այժմ 2006 թվականն է: Աշխարհը չի բարելավվել, բայց խելոքացել է: Ի դեպ, եթե Մերձդնեստրում հանրաքվե անցկացնեն եւ ճանաչեն դրա անկախությունը. դա լավ ազդանշան կլինի Ջավախքում նմանատիպ գործողություն անցկացնելու համար: Դրա համար բոլոր իրավական հիմքերը կան:

Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսում տարածաշրջանում` ես ի նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Վրաստանը:

Եթե մինչ այժմ Ադրբեջանը չի վերսկսում ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, ապա դա այն պատճառով չէ, որ նա վախենում է որեւէ մեկի քննադատությունից: Մի կողմից, եթե Բաքուն ունենար հաղթանակի նույնիսկ 50 տոկոսանոց համոզվածություն, նրանք չէին նայի ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ ՆԱՏՕ-ին: Մյուս կողմից, եւ ամենայն հավանակությամբ այդ պատճառով է, հավանաբար, պատերազմը խստորեն արգելված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից, գուցե, կտրուկ պատժամիջոցների սպառնալիքով, մինչեւ երկրի բաժանումն ու Ալիեւին իշխանությունից զրկելը:

Ռազմական գործողությունների վերսկսումն ավելի հավանական է Վրաստանում. պատվամոլ, «ֆաշիստ» Սահակաշվիլուն, որ իրեն մեսիա է համարում, եւ չի կատարել իր տված խոստումներից եւ ոչ մեկը, շուտափույթ կերպով անհրաժեշտ է փոքր, բայց հաղթանակ փոքր, բայց հպարտ թռչնակի, ներեցեք, երկրի համար: Այն, ամենայն հավանականությամբ, կավարտվի նույն կերպ, ինչպես եւ նախորդները. այդ դեպքում, բացառված չէ, որ նա կփորձի տանուլ տվածը ետ բերել Ջավախքի միջոցով, ամենայն հավանականությամբ, նույն արդյունքով: Վրաստանն իր ներկա սահմաններում ավելի քիչ կենսունակ է, քան Ադրբեջանը. վրացիները ոչ թուրքերի նման դաժան են, ոչ էլ մեծաքանակ: Եթե անջատել արյան շրջանառությունը, թոքերի օդափոխանակությունը եւ այլ օրգանների աշխատանքը արհեստականորեն ապահովող սարքերը, վերջ տալ ներարկումներին, ապա երկիրը կհասնի այն սահմաններին, որոնք կկարողանա կառավարել եւ բանկչության, որը կկարողանա այնտեղ ապրել: Վրաստանն այժմ պահպանում է իր գոյությունը թուրքերին լարելով հայերի դեմ, սվաններին մեգրելների, հայերին թուրքերի, սակայն դա անվերջ չի կարող շարունակվել: Նա զուրկ է նավթից ու գազից, իսկ դա նշանակում է` այն հետաքրքրիր չէ միջազգային հանրությանը: Նրանց համար միեւնույն է ում տարածքով կանցնի նավթամուղը, նրանց համար կարեւոր է դրա անխափան աշխատանքը:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---