ԱՄՆ-ն կարեւորում է էվոլյուցիոն փոփոխությունները Հայաստանում

Ռիչարդ Գիրագոսյան.

ԱՄՆ-ն կարեւորում է էվոլյուցիոն փոփոխությունները Հայաստանում

PanARMENIAN.Net - Այն, որ 2006 թվականի հուլիսից Երեւանում չկա ԱՄՆ դեսպան, որոշ չափով բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Ընթացիկ տարում Հայաստանում սպասվոմ են խորհրդարանական ընտրություններ եւ, հավանաբար, քաղաքական գործիչներն առանց ուշադրության չեն թողնի նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հարցը, որը Թուրքիան փակել է 1993 թվականին: Այս հարցերի շուրջ քաղաքական իրավիճակի վերաբերյալ PanARMENIAN.Net-ին է պատմել Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի փորձագետ (Armenian International Police Research Group-AIPRG, Washingtwn.DC) Ռիչարդ Գիրագոսյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հետ կապված ձգձգվող այս պատմությունը:

Դեսպան Ռիչարդ Հոգլանդը բարձր կարգի դիվանագետ է, որը ԱՄՆ դեսպանն է եղել Տաջիկստանում: Նրա նշանակման հետ կապված երկար պատմությունը, չնայած նրան, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պետք է ավարտվի, եւ արդեն ժամանակն է վերջ դնել դիմակայությանը: Իրականում, դա ոչ թե առանձին անձի հետ կապված դիմակայություն է, այլ ԱՄՆ քաղաքականության հետ:

Ինչպիսի՞ն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման իրական հնարավորությունը:

Ներկայումս սահմանի բացումը կարեւոր է Հայաստանի եւ Թուրքիայի համար եւ Երեւանը երկար ժամանակ ասում էր, որ պատրաստ է, առանց նախապայմանների, լիարժեք եւ նորմալ հարաբերություններ հաստատել Անկարայի հետ: Խնդրի լուծումը Թուրքիայի ձեռքերում է եւ, ըստ իս, նրա համար դժվար է պատասխանել ողջ ծավալով հարաբերությունները վերականգնելու մասին հայկական առաջարկին: Ազգային անվտանգության տեսակետից հայ-թուրքական սահմանի բացումը առանձնապես խնդիրներ չի ստեղծի Հայաստանի համար: Եթե մինչեւ սահմանի բացումը Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա Հայաստանը առավել անվտանգ կլինի, քան նախկինում: Ընդհանրապես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ Հայաստանի համար մի շարք խնդիրներ կլուծվեն` Թուրքիան ստիպված կլինի բացել սահմանը, թուլացնել Գլխավոր շտաբի դիրքերը, ուժեղացնել բանակի հանդեպ քաղաքացիական վերահսկողությունը: Գնալով Թուրքիայում ավելի շատ մարդիկ են հասկանում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը ձախողվում է: Ինչպես գիտեք, Բաքուն անում է հնարավորը, թույլ չտալու համար հայ-թուրքական երկխոսությունը եւ մեկուսացման մեջ թողնելու համար Հայաստանը: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բոլոր ասպեկտները գտնվում են Թուրքիայի ձեռքերում` սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ներկայումս ամեն ինչ կախված է Թուրքիայում այժմյան «գաղափարական հեղափոխության» արդյունքներից, դրանից է կախված թե որ ուղիով նա կգնա: Այժմ երկրում վերաիմաստավորվում է թուրքական ազգային ինքնագիտակցությունը: Եվրաինտեգրման կողմնակիցները ձգտում են դեպի Արեւմուտք, իսլամիստները, բնականաբար, դեպի Արեւելք: Սակայն կարելի է հստակ ասել, որ եթե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին նայենք դիվանագիտական տեսակետից, ապա այն փակուղային է Թուրքիայի համար: Եվ Հայաստանը շատ ճիշտ է անում, երբ հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության առանց նախապայմանների: Թուրքիան դարձել է Ադրբեջանի պատանդը եւ այդ պատճառով չի կարողանում համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

Ո՞ր խնդիրն է գլխավորը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար:

Հայոց ցեղասպանության հարցը կենտրոնականը եւ ամենակարեւորը չէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար: Ղարաբաղյան հարցը նույնպես գործոն չէ, քանի որ Թուրքիան դարձել է Ադրբեջանի պատանդը եւ ենթարկվում է Ադրբեջանի շահերին: Թուրքերը իրատես են եւ հասկանում են, որ ճանապարհը անցնում է Բաքվից կախվածության հակառակ կողմում:

Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում

ԱՄՆ-ն կարեւորում է էվոլյուցիոն փոփոխությունները Հայաստանում, որտեղ քաղաքական ինստիտուտները ավելի մեծ նշանակություն ունեն, քան քաղաքական անձիք, հատկապես ուժեղ ընդդիմության բացակայության պարագայում: ԱՄՆ-ն ցանկանում է իրական ժողովրդավարություն տեսնել Հայաստանում եւ երբեք հույսը չի դնում «գունավոր հեղափոխության» վրա: Անձնապես ինձ համար, հաշվի առնելով իրավիճակը Վրաստանում եւ Ադրբեջանում, կարեւոր են ոչ թե անձիք, այլ ինստիտուտները: Այսօր Հայաստանը Հարավային Կովկասի ամենակայուն երկիրն է: Ադրբեջանն ու Վրաստանը քայլեր են ձեռնարկում ինստիտուտների ձեւավորման ուղղությամբ, սակայն արդյունքների դեռեւս չեն հասել: Իսկ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությանն հասնելու ոչ թե անձնականացված, այլ ինստիտուցիոնալ ուղին:
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

---