Արա Պապյան.Հայոց ցեղասպանությունը ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի հարց13 սեպտեմբերի 2007 PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի սահմանազատման հարցը այժմ էլ, 80 տարի անց, շարունակում է բաց մնալ: Չնայած հինգ պայմանագրերին, որ ստորագրվել են Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրների կողմից եւ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշմանը, սահմանն այդպես էլ չճշտված մնաց: Միջազգային իրավունքի տեսակետից, Հայաստանի Հանրապետությունը, լինելով առաջին ՀՀ-ի իրավահաջորդը, կարող է կրկին բարձրացնել սահմանի սահմանազատման հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմում է դիվանագետ եւ պատմաբան Արա Պապյանը: Վերջերս սկսել են շատ խոսել Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հայ-թուրքական սահմանի վերաբերյալ կնքված պայմանագրերի իրավական կողմի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է դա կապված: Հետաքրքրությունը պայմանագրերի հանդեպ պայմանավորված է նրանով, որ բոլորը մինչ այժմ շեշտը դնում էին պատմության վրա, բոլորովին մոռանալով խնդրի իրավական կողմի մասին: 1918-1923 թթ. կնքվել է հինգ պայմանագիր, որոնք սահմանում էին հայ-թուրքական սահմանը: Առաջինը 1920 թվականի օգոստոի 10-ի Սեւրի պայմանագիրն է, այնուհետեւ 1920 թ. դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, Մոսկվայինը, կնքված 1921 թ. մարտի 16-ին, նրանից բխող Կարսի պայմանագիրը 1921 հոկտեմբերի 13-ին եւ, վերջապես, 1923 թ. հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագիրը: Ընդհանրապես միջազգային պայմանագրերը կարող են ստորագրել միայն միջազգային իրավունքի սուբյեկտները, այսինքն լեգիտիմ կառավարությունն իր լիազոր ներկայացուցչի միջոցով: Այդ տեսակետից, իրավական առումով վավեր են միայն Սեւրի եւ Լոզանի պայմանագրերը: Ալեքսանդրոպոլի պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ քեմալականները դեռեւս Թուրքիայում իշխանության ղեկի մոտ չէին, իսկ Դաշնակցությունն արդեն կորցրել էր իշխանությունը: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն ընդհանրապես իրավական ուժ չունեն, քանի որ ստորագրված են քեմալականների կողմից, թեեւ մինչեւ 1923 թ. Թուրքիայի ղեկավարը սուլթանն էր: Ի դեպ, հիշեցնեմ, որ դեռեւս 1920 թվականի մայիսի 11-ին թուրքական ռազմական տրիբունալի կողմից կոչումից զրկված գեներալ Մուստաֆա Քեմալը (ավելի ուշ Աթաթուրք) դատապարտվել էր մահապատժի որպես ռազմական հանցագործ: Դատական որոշումը հաստատվել էր սուլթանի կողմից 1920 թվականի մայիսի 24-ին: Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանին, ապա նա մինչեւ 1924 թվականի փետրվարի 1-ը լեգիտիմ պետություն չի ճանաչվել եւ, բնականաբար, նրա ստորագրությունը միջազգային իրավունքի տեսակետից նույնպես անվավեր է: Ճիշտ է, Սեւրի պայմանագիրը չի վավերացվել, սակայն այն ուժի մեջ է մնում: Սակայն կարեւորն այն է, որ հայ-թուրքական սահմանը որոշվեց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի միջնորդական որոշմամբ: Հավանաբար, քչերն են հիշում, որ Հայաստանը Առաջին աշխարհամարտում հաղթանակած երկրներից մեկն էր եւ նրա ստորագրությունը կա Սեւրի պայմանագրի տակ: Արբիտրաժային որոշման խնդրանքով ԱՄՆ-ի նախագահին էին դիմել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան: Ըստ իրավական նորմերի այդ որոշումը բեկման ենթակա չէ եւ չունի սահմանափակում ժամանակի առումով: Վուդրո Վիլսոնն իր որոշումը ստորագրեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 6-ին այն փոխանցվեց հաղթանակած երկրների Փարիզյան կոնֆերանսին, սակայն, ցավոք, դեկտեմբերի 3-ին Հայաստանը գրավել էր 11-րդ Կարմիր բանակը: Այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ 1991 թվականին անկախություն հռչակելով, Հայաստանը կրկին դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Ըստ արբիտրաժային որոշման Հայաստանին էին անցնում 4 վիլայեթներ` Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրաբզոնը: Հայաստանն, այդպիսով, ելք էր ստանում դեպի ծով, ինչն անհրաժեշտ է երկրի նորմալ զարգացման համար: Աշխարհում միայն 33 երկրներ չունեն ելք դեպի ծով` դրանք են Աֆրիկայի կենտրոնական երկրները, մի քանի երկիր Հարավային Ամերիկայում, մի քանիսը Եվրասիայում եւ Հայաստանը: Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան իրոք բացի Հայաստանի հետ սահմանը: Չգիտես ինչու բոլորը կարծում են, թե հայ-թուրքական սահմանի բացման հետ ամեն ինչ լավ կլինի: Չի լինի: Բաց սահմանը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արդյունքը պետք է լինի եւ այդ առումով ես համոզված եմ, որ մեր ԱԳՆ-ն ճիշտ ճանապարհով է գնում: Առանց Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության դե-յուրե ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման սահմանը փակ կմնա: Այո, Թուրքիան ասում է, որ ճանաչել է անկախ Հայաստանը 1992 թվականի սկզբին, սակայն այդ ճանաչումը եղել է դե-ֆակտո: Չի կարելի մոռանալ նաեւ անվտանգության հարցերի մասին: Այն դեպքում, եթե սահմանի մասին հարցը լուծվի արբիտրաժային որոշման համաձայն, Հայաստանը կարող է ՄԱԿ-ի ԱԽ-ում հարց բարձրացնել Հայաստանին սահմանակից Թուրքիայի գավառների ապառազմականացման մասին, ինչը ենթադրում է նաեւ միջազգային դիտորդների ներկայություն, որով կբացառվեն ռազմական գործողությունները Հայաստանի դեմ: Ոչ պակաս վտանգ է ներկայացնում նաեւ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, որով Թուրքիան կարող է էշելոններով զենք մատակարարել Հայաստանին: Հայաստանին էլ ինչ-որ մեկը զենքով կապահովի: Իսկ որքան շատ զենք լինի տարածաշրջանում, այնքան ավելի հնարավոր է դառնում պատերազմը: Տարածաշրջանի կայունության մեջ շահագրգռված են բոլորը, Թուրքիայից բացի, որը մինչ այժմ չի կարողանում իր ինքնությունը գտնել եւ սարսափելի վախենում է կորցնել տարածքների մի մասը: Երկրի տարածքային ամբողջականության մասին արհեստականորեն պահպանվող գաղափարը վաղ թե ուշ կհանգեցնի պետության փլուզմանը: Ի՞նչ եք կարծում, կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը: Խնդիրը ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ Թուրքիայի այսօրվա քաղաքականության մեջ է: Նրանք մեղքի բարդույթ ունեն, ինչպես հայերը` զոհի բարդույթ: Թուրքերը պետք է հասունանան Ցեղասպանությունը ճանաչելու համար եւ դա իրականում ցույց կտա, թե որքանով են նրանք փոխվել: Մենք հարեւաններ ենք եւ դրանից ոչ մի տեղ չես փախչի: Սակայն թուրքերը խլել են հայերից հայրենիքը եւ նույնիսկ թույլ չեն տալիս ուղղակիորեն այցելել այնտեղ: Հայերը պետք է խոսեն ոչ միայն իրենց Ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների մասին եւ պետք է հասկանան, որ դա ոչ թե պատմական հարց է, այլ ներկայի եւ ապագայի: Միջազգային ճնշումը Թուրքիայի վրա այս հարցում գնալով կուժգնանա: Թուրքիան այժմ ընտրության առջեւ է` դառնալ եվրոպական երկիր կամ մնալ նույնը, այսինքն չափազանց վտանգավոր հարեւանների համար: Աթաթուրքի հռչակած ազգայնամոլությունը հենվում է Գլխավոր շտաբի վրա: Մյուս կողմից` իսլամիստները չեն կիսում եվրոպական արժեքները: Ստամբուլից 200 կմ հեռավորության վրա Թուրքիան հիմնականում ապրում է նախանցած դարում, էլ չենք խոսում Հայաստանի հետ սահմանակից վիլայեթների մասին: Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի դերը տարածաշրջանում: Հայաստանի ամրապնդումն ու ընդլայնումը բխում է Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի շահերից: Հայաստանը նաեւ կարող է հսկայական դերակատարություն ունենալ Մերձավոր Արեւելքում: Լինելով քրիստոնյա երկիր, նա, այնուամենայնիվ, լավ է ընկալվում զուտ մահմեդական երկրներում, օրինակ Սաուդյան Արաբիայում: Մենք կարող ենք քաղաքակրթական միջնորդ լինել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Հոդվածներ. Քաղաքականություն | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |