Այս գործընթացում վտանգներ փնտրելը կնշանակի` ձվի մեջ մազ փնտրել

Արթուր Բաղդասարյան.

Այս գործընթացում վտանգներ փնտրելը կնշանակի` ձվի մեջ մազ փնտրել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հարավային Կովկասում ձեւավորվեցին նոր իրողություններ, որոնք կարող են դրական նշանակություն ունենալ, բայց եւ կարող են Հայաստանին նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնել: Այժմ հնարավորություն է ընձեռվել բարձրացնելու սեփական նշանակությունը Հարավային Կովկասում եւ ամրապնդելու անվտանգությունը: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը
Ի՞նչ հարցեր են քննարկվել Բրեստում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում: Հայտնի է, որ Դուք բավական կարեւոր առաջարկություններ եք ներկայացրել, ի՞նչ որոշումներ են ընդունվել:

Սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը, որտեղ քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացմանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում ՀԱՊԿ անդամ երկրների ջանքերի համատեղմանը վերաբերող հարցեր:

Մենք բավական կարեւոր առաջարկություններ ներկայացրինք, որոնք ՀԱՊԿ անդամ երկրների իմ գործընկերներն ընդունեցին միաձայն: Դրանք ամրագրվեցին ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի որոշումներում: Առաջին առաջարկը վերաբերում էր ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության ակտիվացմանը. այս խնդիրը կարեւորեցին բոլոր պատվիրակությունների ղեկավարները, եւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին հանձնարարվեց հերթական նիստի ժամանակ քննարկել ռազմատնտեսական համագործակցության հարցերը, պատրաստել փաստաթղթերի փաթեթ, որտեղ կներկայացվեն համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մեխանիզմները: Մի շարք երկրներում, մասնավորապես` Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, արդեն կան մեծ թվով ձեռնարկություններ, որոնք շահագրգիռ են ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու նպատակով համատեղ արտադրություն իրականացնել:

Կարեւոր էր ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելու հարցը: Այս կապակցությամբ ընդունվեց հայկական կողմի առաջարկությունը, համաձայն որի կմշակվի միջպետական նպատակային ծրագիր, որը հնարավորություն կտա ժամանակակից սարքավորումներով եւ տեխնիկայով ապահովել արագ արձագանքման ստորաբաժանումներում ընդգրկված զինվորականներին, հատուկ ծառայությունները, արտակարգ իրավիճակները, ոստիկանության ստորաբաժանումները: Հիշեցնեմ, որ նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման նպատակով Մոսկվայում կայացած գագաթաժողովի ընթացքում ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել լուծելու ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից ռազմական տեխնիկայով եւ հանդերձանքով ապահովելու հարցը, եւ շատ կարեւոր էր, որ ՌԴ նախագահի հայտարարությունից հետո ընդունվեց նման որոշում: Դա կարեւոր է նաեւ Հայաստանի համար, որովհետեւ մեր երկրի համապատասխան ստորաբաժանումներն էլ ներգրավված են այդ ուժերում, եւ սա եւս մի լավ հնարավորություն է` ՀԱՊԿ շրջանակում վերազինելու մեր համապատասխան ստորաբաժանումները:

Մեր առաջարկով որոշվեց ուշադրություն դարձնել եւս մեկ կարեւոր խնդիր` ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Այդ նպատակով կմշակվի միջպետական նպատակային ծրագիր, որը հնարավորություն կտա պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության համակարգի կադրերին` վերապատրաստում անցնել ՀԱՊԿ շրջանակում:
Կարեւոր էր ՀԱՊԿ անդամ երկրներում համակարգված տեղեկատվական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հարցի քննարկումը: Այս հարցում եւս մենք համակարծիք էին: Տեղեկանալով, որ Հայաստանում արդեն մշակվել եւ հավանության է արժանացել տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, իմ գործընկերները ցանկություն հայտնեցին ուսումնասիրելու եւ օգտագործելու մեր փորձը: Նիստում ամրագրվեց, որ տեղեկատվական անվտանգության համակարգը զարգացնելու համար անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել միասնական ծրագիր, որը ենթադրում է տեխնիկական պաշտպանվածության լրացուցիչ երաշխիքներ:

Ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Թե' Հայաստանում, թե' սփյուռքում ոչ ոք չի ժխտում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Պարզապես կան մարդիկ, ովքեր ինչ-ինչ մտահոգությունների հիմքեր են տեսնում արձանագրություններում: Մենք բազմիցս առիթ էինք ունեցել հայտարարելու, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորում ենք առանց նախապայմանների: Եւ այս հարցում վերջակետ դրեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ ժողովրդին, որում նշվում է, որ ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը, որ այս հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում: Շատ կարեւոր էր արձանագրել նաեւ այն փաստը, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա: Մենք այսօր պնդում ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կարեւորությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր հռչակած քաղաքական կուրսին: Գնդակը Թուրքիայի դաշտում է, Թուրքիան պետք է գործնական քայլեր ձեռնարկի խելամիտ ժամկետում այս արձանագրությունները վավերացնելու համար:

Ասվածից հետո այս գործընթացում վտանգներ փնտրելը կնշանակի` ձվի մեջ մազ փնտրել: Արձանագրությունները մանրակրկիտ քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում, բոլոր մարտահրավերները հաշվառվել եւ քննարկվել են: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգընթաց կմշակվի համապատասխան ծրագիր, կիրականացվեն համապատասխան քայլեր: Ես արդեն ասել եմ եւ կրկնում եմ` այսօր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող գործոն գոյություն չունի:

Ավելին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ քաղաքական նշանակություն կունենա, դա նոր իրավիճակ կստեղծի մեր տարածաշրջանում, կբարձրացնի Հայաստանի դերը Հարավային Կովկասում: Ի վերջո` այսօր այդ հարաբերությունները կան, շաբաթը 2 անգամ գործում է Երեւան-Ստամբուլ օդային չվերթ, սեզոնային ժամանակներում այդ չվերթը հասնում է 5-6 անգամի, վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի 130 հազար քաղաքացի ուղիղ օդային չվերթով այցելել է Թուրքիա, նվազագույն հաշվարկներով` Հայաստանի 70-80 հազար քաղաքացի այսօր ապրում կամ աշխատում է Թուրքիայի տարածքում, եւ դիվանագիտական հարաբերությունների փաստացի բացակայությունը մեզ հնարավորություն չի տալիս ոչ միայն պաշտպանել մեր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը Թուրքիայի տարածքում, այլեւ չի նպաստում տնտեսական ենթակառուցվածքների արդյունավետ զարգացմանը: Այդ հարաբերությունները փաստացի կան, ուղղակի դրանք պետք է դնել իրավական հիմքերի վրա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, դա որակական նոր զարգացման հնարավորություն է թե՛ մեր երկրի, թե՛ ողջ տարածաշրջանի համար: Մեր հարեւանները չպետք է մեր թշնամիները լինեն դարեդար, ինչի արդյունքում Հայաստանն իր մեկուսացման հետեւանքով կրում է միլիարդավոր դոլարների վնաս եւ մշտապես գտնվում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում: Չորս հարեւանից երկուսի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հղի է լուրջ վտանգներով ապագայի մեր մարտահրավերների տեսանկյունից:

Արձանագրություններն ստորագրվեցին, եւ այժմ արդեն երկու կողմերը պետք է կարողանան կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

Կարո՞ղ է, արդյոք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը նպաստել Հայաստանի անվտանգության ամրապնդմանը:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասերից մեկն է, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք անհատական գործընկերության ծրագրի շրջանակում, ինչպես որ ՆԱՏՕ-ն համագործակցում է աշխարհի բազմաթիվ այլ երկրների հետ, որոնք դաշինքի անդամ չեն: Մեր համագործակցությունը բավական արդյունավետ է ընթանում, միջգերատեսչական հանձնաժողովն արդեն ամփոփել է անցած 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը, կան դրական տեղաշարժեր բոլոր ուղղություններով, եւ մենք այս ծրագիրն իրականացնելու ենք` համաձայն անհատական գործողությունների ծրագրի:

Արդյո՞ք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խանգարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը:

Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Այսօր մենք ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, երկու երկրների միջեւ ակտիվ զարգանում են քաղաքական, ռազմական, տնտեսական հարաբերությունները, մշտական քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում երկրների նախագահների, կառավարությունների, անվտանգության խորհուրդների միջեւ, մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող բոլոր խնդիրները գերազանց փոխըմբռնման մթնոլորտում: Հայաստանը արդյունավետ համագործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Այս կառույցում մեր նախագահության ընթացքը անցած տարի արժանացավ շատ բարձր գնահատականի, եւ Հայաստանի նախագահության ընթացքում էր, որ ստեղծվեցին արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ես նշեցի, որ դրանք զուգահեռ գործընթացներ են, մի համագործակցությունը չի խանգարում մյուս ոլորտում արդյունավետ գործելուն: Մենք պետք է խնդիրը դիտարկենք հստակ. ՀԱՊԿ-ը այն ռազմաքաղաքական դաշինքն է, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, ՆԱՏՕ-ն գործընկեր է, ոչ թե ռազմավարական դաշնակից, եւ մենք համագործակցում ենք այդ գործընկերության շրջանակում, իրականացնում ենք գործընկերության ծրագիր, ինչպես ՀԱՊԿ անդամ այլ երկրներ եւս: Մենք խնդիրը դիտարկում ենք ոչ թե հակադրության, այլ` համադրության մեջ:

Ինչպե՞ս է զարգանում համագործակցությունը տարածաշրջանի երկրների Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ, հատկապես` Հայաստան-Իրան հարաբերությունները:

Աշխարհում այսօր գործում են անվտանգության 50-ից ավելի խորհուրդներ` իրենց աշխատակազմով: Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ չկար ԱԱԽ աշխատակազմ, եւ համաձայն Հայաստանի նախագահի հրամանագրի եւ օրենքներում կատարված փոփոխությունների` այսօր ունենք անվտանգության խորհրդի աշխատակազմ, ինչը նպաստում է այլ երկրների համանուն կառույցների հետ համագործակցությունը խորացնելուն: Մենք արդեն սերտ համագործակցում ենք ՌԴ եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների անվտանգության խորհուրդների, նրանց աշխատակազմերի հետ, արդեն ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ: Կապեր ենք հաստատել Իտալիայի, Լեհաստանի եւ այլ երկրների անվտանգության խորհուրդների հետ: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի երկրներին` Իրանի անվտանգության խորհրդի հետ մենք ունենք լավ գործնական հարաբերություններ, քննարկել ենք եւ շարունակում ենք քննարկել մեր երկկողմ համագործակցության հեռանկարները անվտանգության բոլոր բնագավառներում, տեղի է ունեցել իմ գլխավորած պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, շուտով Հայաստան կգա Իրանի անվտանգության խորհրդի գերագույն քարտուղարը, եւ մենք կզարգացնենք մեր համագործակցությունը` ելնելով մեր պետությունների եւ ժողովուրդների շահերից, ելնելով այն կարեւոր հանգամանքից, որ Հայաստանը եւ Իրանը հարեւաններ են, եւ մենք պետք է կարողանանք լավ հարեւանություն եւ բարեկամություն անել` ամրապնդելով տարածաշրջանային համագործակցությունը եւ անվտանգությունը: Հայաստանը կողմնակից է բարիդրացիական հարաբերությունների հաստամանը եւ զարգացմանը հարեւան երկրների հետ:

Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններն այն մասին, որ երկրների միջեւ սահմանը չի բացվի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի «տարածքներից»:

Ըստ իս, Արձանագրություններն արդեն խոսում են իրենց մասին, դրանցում խոսք անգամ չկա ոչ Հայոց ցեղասպանության, ոչ էլ ղարաբաղյան հակամարտության մասին: Մենք արդեն բազմիցս նման հայտարարություններ ենք լսել եւ սովոր ենք դրանց: Մեր հայտարարություններում ե'ւ ես, ե'ւ Հայաստանի նախագահը, ե'ւ ՀՀ ԱԳՆ ղեկավարը բազմիցս նշել ենք, որ Երեւանի դիրքորոշումն այդ հարցերում անփոփոխ է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կվերացնի տարածաշրջանում առկա լարվածությունը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի բազմաթիվ հարցերի եւ հակամարտությունների լուծման վրա: Բայց այդ գործընթացը ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը մեզ համար անընդունելի է:

Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Սփյուռքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թուրքիան հասավ իր նպատակին եւ կարողացավ փչացնել Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները. ի՞նչ կասեք այս դեպքում:

Սփյուռքը միատարր չէ, եւ երբեք էլ միատարր չի եղել: Հայկական համայնքների շատ ներկայացուցիչներ օժանդակում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մենք ըմբռնմամբ ենք մոտենում Սփյուռքի արձագանքին եւ հարգում ենք նրանց կարծիքը: Կարող եմ միայն մի բան ասել. մենք որոշակի քայլեր են ձեռնարկում, որպեսզի վերացնենք բոլոր այն մտավախությունները, որոնք ունեն Սփյուռքի եւ հայ հասարակության ներկայացուցիչները:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշադրության կենտրոնում
«Հայաստանը» ԱԺ-ում լսումներ է նախաձեռնել սահմանազատման և սահմանագծման թեմայով

«Հայաստանը» ԱԺ-ում լսումներ է նախաձեռնել սահմանազատման և սահմանագծման թեմայով Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ

---