ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Հունիսի 22-24-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Պատվիրակության կազմում հիմնականում կընդգրկվեն առեւտրա-տնտեսական եւ ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ հայաստանյան եւ ղարաբաղյան ընկերությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Ազգ» թերթը, նախատեսված են պատվիրակության անդամների հանդիպումները Գերմանիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Յոշկա Ֆիշերի, տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հայդեմար Վիչորեկ-Ցոյլի, Բեռլինի քաղաքապետ Քլաուս Վովերայթի հետ: Պատվիրակությունը նաեւ կմասնակցի հունիսի 23-ին Բեռլինում կայանալիք հայ-գերմանական տնտեսական համաժողովին, որի նպատակը, ինչպես հայտնել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը, «Հայաստանը որպես հուսալի գործընկեր ներկայացնելն է»: Համաժողովը տեղեկատվական, ճանաչողական բնույթի է, որի շրջանակներում խոսք կգնա միասնական ռազմավարության զարգացման մասին: Համաժողովը կազմակերպել են Գերմանիայում հայկական դեսպանատունը եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարությունը` որը ներգրավել է մի շարք տեղական ֆինանսատնտեսական կառույցներ:
 Ուշագրավ
---