ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի պատվիրակությանը` նախագահ Վալերի Զորկինի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանադրական արդարադատության, սահմանադրական դատարանների գործունեությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանում առաջիկայում սպասվող սահմանադրական բարեփոխումներին, Ռ.Քոչարյանը նշել է, որ դրանք առաջին հերթին ուղղված են քաղաքացիական հասարակության կայացմանը, երկրի կայունության ամրապնդմանը եւ իշխանության տարբեր ճյուղերի միջեւ հավասարակշռված փոխհարաբերությունների ստեղծմանը: Հայաստանի նախագահը համագործակցությունն ու փորձի փոխանակման նպատակով փոխադարձ շփումները համարել է օգտակար եւ անհրաժեշտ: Նշենք, որ այսօր ՌԴ ՍԴ նախագահը հանդիպել է նաեւ իր հայ գործընկեր Գագիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-16 Երեւանում` Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ղեկավար Վալերի Զորկինի մասնակցությամբ կբացվի 9-րդ միջազգային խորհրդաժողովը «Օրենքի գերակայության սկզբունքը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով:
 Ուշագրավ
---