ՀՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ԴԱՐՁԱՆՔ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԸ, ԹԵԵՎ ՄԵՆՔ ՉԷԻՆ ԱՅՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ

PanARMENIAN.Net - «Նշելով 90-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները` մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին: Եվ դա անում ենք կրկնակի ցավով, քանի որ դեռ պայքարում ենք կատարված հանցագործության միջազգային ճանաչման համար»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ: «Առաջին համաշխարհային պատերազմը` աշխարհի վերաբաժանման իր գլոբալ շահերով եւ նրան հաջորդած 20-րդ դարի մեծ գաղափարախոսական դիմակայությունը դարձան հայ ժողովրդի օրինական իրավունքների ճանաչման գլխավոր խոչընդոտները: Մենք դարձանք առաջին աշխարհամարտի զոհը, թեեւ մե՛նք չէինք այն սանձազերծել: Հիշելու մեր իրավունքն, իր հերթին, զոհը դարձավ սառը պատերազմի, թեեւ մենք չէինք նրա հեղինակները: Երբ իրագործվեց հայերի բնաջնջման ծրագրված քաղաքականությունը «ցեղասպանություն» տերմինը դեռեւս գոյություն չուներ: Չկար նաեւ այդ հասկացության բնորոշումը: Չկային միջազգային կառույցներ, որ կարող էին քննարկումների հարթակ դառնալ` ցեղասպանության հանցագործությանը համատեղ հակահարված հասցնելու համար: Իհարկե, աշխարհը փոխվում է: Ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդկությունը դասի ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությունների շարքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ժամանակ պահանջվեց, որպեսզի տերությունների աշխարհաքաղաքական շահերին չզոհաբերվեն հիմնարար մարդասիրական արժեքները: Որ բարոյականությունը դառնա քաղաքակիրթ աշխարհի արտաքին քաղաքականության բաղադրիչ: Այս ճշմարտությանը տանող ճանապարհը ողբերգական էր բազմաթիվ ժողովուրդների համար: Հայերի համար այդ ճանապարհի գինը մեկ ու կես միլիոն մարդկանց կյանքն էր»:


 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---