ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ամենատարբեր մակարդակներով անդրադարձել եւ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաեւ այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իրենց լուման են բերել ճանաչման գործընթացին»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հանդես գալով «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովի բացմանը: «Սփյուռքի դերն այստեղ ուղղակի անգնահատելի է, հատկապես կազմակերպված սփյուռքի: Այդ ճանաչումը նաեւ ցեղասպանության երեւույթի մերժում է նշանակում: Հայոց Եղեռնի զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին Մորգենթաուն, Բրյուսը, Նանսենը, Ֆրանսը, Վերֆելը, Բրյուսովը, Վեգները, Լեպսիուսը եւ շատ ուրիշներ»,-նշել է ՀՀ ղեկավարը: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. ճանաչումը կարեւոր է նաեւ հետագայում ցեղասպանության հանցագործությունները կանխելու համար: Ճանաչումը կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ կտա մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ հնարավորություն կընձեռի նայել դեպի ապագա: «Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց` առանց ատելության: Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ` ներկա Հայաստանի շրջափակմամբ: Մենք բախվել ենք իմաստավորում պահանջող պարադոքսի: Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը: Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում»,-հայտարարել է Հայաստանի նախագահը:




 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---