ՆՈՒՅՆԻՍԿ ՀՀ-ԻՑ ԼԱՎ ՍՊԱՌԱԶԻՆՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍՆԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - «Եթե ադրբեջանական բանակն ընդամենը 5 րոպե Հայաստանի բանակից ավելի մարտունակ լիներ, Ադրբեջանը կփորձեր ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ: Պաշտպանության նախարարի խոսքերով` ադրբեջանցիները միշտ նշում են, որ մարտունակ են, որ կարող են հարցը ուժով լուծել. «Հարց է առաջանում. կարող են, ուզում են, հետեւաբար ինչո՞ւ չեն իրականացնում իրենց ցանկությունը»,-նշել է Սերժ Սարգսյանը: 2005 թվականին Հայաստանի զինված ուժերը ֆինանսավորման առումով ոչ մի լումայով չեն զիջել Ադրբեջանի բանակի ֆինանսավորմանը: Ֆինանսավորումը կատարվել է բյուջեի միջոցով, դաշնակիցների, բարերարների ու կազմակերպությունների օգնությամբ, ինչն աշխարհում ընդունված կարգ է: Հայաստանի դիրքն այնպիսին է, որ ադրբեջանցիները Հայաստանից ավելի սպառազինվելու դեպքում էլ, միեւնույն է, մոտ ապագայում առավելության չեն հասնի, ասել է ՀՀ պաշտպանության նախարարը, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
---