ԱՄՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԵՑԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-28-ը տնտեսական հարցերով ՀՀ-ԱՄՆ միջկառավարական աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաեւ Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում էր գտնվում Հայաստանի կառավարության պատվիրակությունը: Հայկական պատվիրակության կազմում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, տնտեսական հարցերով Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ միջազգային այս կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, այդ թվում ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Շիգեո Կացուի, գործադիր տնօրեն Ադ Մելկերտի, Հայաստանի գրասենյակի տնօրեն Դոննա Դոուսեթ-Կոյրոլոյի, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր ղեկավարի տեղակալ Օգուստին Կարստենսի, ԱՄՀ գործադիր տնօրեն Ջերոն Կրեմերսի եւ տարածաշրջանային վարչության պետ Մոհսին Քանի հետ: Սեպտեմբերի 27-ին ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր ղեկավարի պաշտոնակատար Չարլզ Սեթնեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՄ Հայաստանի ծրագրի քննարկման եւ փորձագիտական հետազոտման փուլի ընթացքը: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական եւ փորձագիտական մակարդակներով ՀՄ կորպորացիայի եւ ՀՀ համապատասխան մարմինների միջեւ համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու համատեղ գործունեությունը ծրագիրն ավարտական փուլին հասցնելու նպատակով:Հայաստանի պատվիրակությունն այցի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ օտարերկրյա այլ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում Նիդեռլանդների ֆինանսների նախարար Գերրիտ Զալմի եւ Իրանի ֆինանսների նախարար Դաուդ Դավաշ Ջաֆարիի հետ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---