Հայաստանի նախագահն այսօր մեկնում է Բրյուսել եռօրյա աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիա, որտեղ հանդիպումներ կունենա եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net ին էին հայտնել նախագահի մամլո ծառայությունում, Հայաստանի պատվիրակության կազմում Բրյուսել կմեկնեն նաեւ Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, Բելգիայում ՀՀ դեսպանը, պաշտոնատար այլ անձինք: Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆշթադի, Սենատի նախագահ Ան-Մարի Լիզինի եւ խորհրդարանի նախագահ Հերման Դե Կրոյի հետ: Բրյուսելում նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Յոզեպ Բորելլ-Ֆոնտելսի, Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիբալգսի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հուպ Սխեֆերի հետ: Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանը եւ Բելգիայի սենատի նախագահ Ան-Մարի Լիզինը ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հայաստանի նախագահը կմասնակցի նաեւ Բելգիայում ՀՀ դեսպանության բացման արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի «Պատրաստված է Բելգիայում» խորագրով ցուցահանդեսը: Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա հոկտեմբերի 22-ին:
 Ուշագրավ
---