Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում գերակայում են գործնական քայլերը, ոչ թե տեսությունը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ «լավ հարաբերությունների վրա հիմնված պրագմատիկ գործընկերության» բնույթ են կրում: Այդ մասին Յաափ դե Հուփ Սխեֆֆերը հայտարարել է Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, «Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն միշտ քայլ առ քայլ են կառուցել իրենց հարաբերությունները` չստեղծելով ընդարձակ տեսություններ եւ նախապատվությունը տալով գործնական քայլերին»: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները հինգ կամ տասը տարի հետո, Յաափ դե Հուփ Սխեֆֆերն առաջարկել է կենտրոնանալ Անհատական գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման վրա: Նրա խոսքերով, այդ Ծրագրի հաջող իրագործումից հետո հնարավոր կլինի խոսել համագործակցության հետագա բովանդակության մասին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատական է տվել Հայաստանի Ներկայացման փաստաթղթին, վստահություն հայտնելով, որ դրա հիման վրա կստեղծվի «շատ լավ IPAP»: Յաափ դե Հուփ Սխեֆֆերը գոհունակություն է հայտնել Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հայ զինծառայողների մասնակցության կապակցությամբ, նշելով, որ այդ համագործակցությունը, բացի այլ հարցերից, թույլ է տալիս լուծել օպերատիվ համատեղելիության հարցեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Հայաստանի նախագահի հետ քննարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Սխեֆֆերի խոսքերով, ՆԱՏՕ-ն, ինչպես եւ նախկինուն, չի ձգտում անմիջական դեր խաղալ խաղաղ գործընթացում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
 Ուշագրավ
---