Ռուսաստանում ավելի քան վեց հազար ծայրահեղական է գործում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ներկա դրությամբ գործում է ավելի քան 140 երիտասարդական ծայրահեղական խմբավորում` ընդհանուր քանակությամբ ավելի քան վեց հազար մարդկանցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Րաշիդ Նուրգալիեւը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, երիտասարդական խմբավորումներն ավելի ագրեսիվ եւ կազմակերպված են դարձել, իսկ դրանցից ոմանք գտնվում են հանցագործական միավորումների ազդեցության տակ:



«Անհանգստություն է առաջացնում, որ կազմակերպություններից մի քանիսը երիտասարդության շրջանում օգտագործում եւ պրոպագանդում են բողոքի ագրեսիվ ձեւերն ու միջոցները: ՆԳՆ-ն ֆիքսում է ծայրահեղական խմբավորումների մասնակիցների կողմից հակաօրինական գործողությունների դեպքերը»,- նշել է Նուրգալիուը:



Միեւնույն ժամանակ, նա հիշեցրեց, որ 2006 թվականին իրականացվել է ծայրահեղականության դեմ ուղղված միջոցների մի ամբողջ համակարգ: «Բացահայտվել են ծայրահեղական ուղղվածությամբ մի շարք ավազակային խմբավորումներ, որ մի շարք ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություններ են իրականացնել Վորոնեժի շրջանում: Արտասահմանցի քաղաքացիների վրա հարձակումներին մասնակցելու համար, որի հետեւանքով իրլանդացի ուսանող է մահացել, մեղադրանք է ներկայացվել «Սպիտակ պարեկ» երիտասարդական ծայրահեղական խմբավորման 14 մասնակիցների: Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի շրջանի տարածքում ձերբակալվել է «Mad-crowd» ծայրահեղական ավազակային խմբավորման 11 մասնակից, որոնք ավելի քան 10 ծանր հանցագործություններ են իրագործել»,- ընդգծել է ՌԴ ՆԳՆ ղեկավարը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---