Վարդան Օսկանյանը մտադիր չէ եւս հինգ տարի մնալ նախարարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը չի ձգտում պահպանել իր պաշտոնը: Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը «Հայկական ժամանակ» թերթին: Վ.Օսկանյանը նշել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունների շրջանում` 2007 թվականին կլրանա որպես նախարարի իր պաշտոնավարման 10 տարին: «Հավատացեք, 10 տարուց ավելի նախարար լինելը սխալ է եւ ես կարող եմ համոզված ասել, որ 10 տարի անց արտգործնախարարը պետք է փոխվի եւ մի նոր մարդ պետք է նախարար դառնա»,-հավելել է նա: Ընդ որում Հայաստանի արտգործնախարարը նկատել է, որ դեռեւս չի որոշակիացրել իր հետագա քայլերը խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն մտադիր չէ եւս հինգ տարի մնալ նախարարի պաշտոնում: «Ես դեռեւս ոչինչ չեմ որոշել, քանի որ երկրի քաղաքական դաշտը շատ անկայուն է, հարկավոր է սպասել եւ տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»,-ասել է Վ.Օսկանյանը:



Ընդ որում նա նկատել է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել որպես նորմալ պետություն եւ իր ընտանիքի եւ երեխաների հետ նորմալ պետության մեջ: «Այդ նպատակի համար ես կաշխատեմ, դրա համար ես կպայքարեմ, սակայն ինչ դրսեւորումներ կստանա այդ պայքարը, ինչ ձեւ կընդունի, ցույց կտա ժամանակը»,-ասել է Վ.Օսկանյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---