Վ.Օսկանյանը տեղեկացրել է ԵԽ գլխավոր քարտուղարին Հին Ջուղայում խաչքարերի ոչնչացման փաստերի մասին

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի պարտավորությունների կատարման հարցերը: ԵԽ Գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան իրականացնել ծրագրված օրենսդրական աշխատանքը եւ ուշադրություն հրավիրեց օրենքների պրակտիկ կիրառման խնդիրների վրա: Վարդան Օսկանյանը իր գոհունակությունը հայտնեց ընտրությունների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն աջակցելու նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի կողմից հատուկ Գործողությունների ծրագրի ընդունման կապակցությամբ:



Զրույցի ընթացքում նախարարը ԵԽ Գլախավոր քարտուղարին տեղեկացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Լեռնային Ղարաբաղում սպասվող սահմանադրական հանրաքվեի մասին: Այնուհետեւ նախարարը անդրադարձավ ադրբեջանական իշխանությունների կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստին: Նա անընդունելի համարեց պատմական կոթողների խաղաղ պայմաններում, ծրագրված կերպով ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ընթացքում վնասված հուշարձանների հետ նույն հարթության վրա դնելու Ադրբեջանի փորձերը: Քննարկվեցին ԵԽ փաստահավաք առաքելության Նախիջեւան այցելության հետ առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---