2006 թվականը բացառիկ տարի էր հայ-ֆրանսիական հարաբերությունների համար

PanARMENIAN.Net - 2006 թվականը բացառիկ էր հայ-ֆրանսիական ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման եւ երկու պետությունների բարձրագույն ղեկավարության միջեւ սերտ երկխոսության ամրապնդման առումով: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային հարցեր, մանրամասն կանգ առան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքի վրա: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2006 թվականի հաշվետվության մեջ: «Ֆրանսիայի նախագահի այցն ունի բացառիկ կարեւորություն ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, այնպես էլ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման, առհասարակ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման առումով: Այն ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ Մեծ Ութնյակի անդամ երկրի (բացառությամբ ՌԴ-ի) ղեկավարի առաջին այցն էր Հայաստան, որն, ի դեպ, չէր կրում տարածաշրջանային բնույթ: Այն վկայությունն է մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների, ֆրանսիական իշխանությունների կողմից Ֆրանսիայում լավագույնս ինտեգրված հայ համայնքի գնահատման, ինչպես նաեւ երկու պետությունների համագործակցության արդի բարձր մակարդակի եւ բարձրագույն ղեկավարության միջեւ հաստատված սերտ երկխոսության: Ժ. Շիրակը ԵՄ անդամ երկրների ղեկավարներից միակն է, որ հրապարակավ արտահայտվել էր Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Այն վերահաստատվեց Երեւանում, ՀՀ նախագահի հետ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում»,- ասվում է հաշվետվության մեջ:



Փաստաթղթում նաեւ ասվում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման մասին, խոշոր ֆրանսիական ընկերությունների ներդրումների մասին Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացման մասին:
 Ուշագրավ
---