ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Է ՃԱՆԱՉԵԼ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ 6-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանը ՀՀ հիմնական օրենքին համապատասխան է ճանաչել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` մահապատժի վերացման վերաբերյալ 6-րդ արձանագրության դրույթները: Նշենք, որ Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 2001 թվականի հունվարի 25-ին: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մահապատժի` որպես պատժի գերագույն չափի վերացումը բխում է Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Միաժամանակ նա ընդգծել է, որ արձանագրության դրույթները թույլ չեն տալիս շեղումներ եւ վերապահումներ տվյալ հարցի առնչությամբ: Լրագրողների այն հարցին, թե արդյոք դա չի հարուցի հանրության դժգոհությունը` հաշվի առնելով 1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության գործով ձգձգվող դատաքննությունը, նախարարը նշել է, որ մահապատժի վերացումը չի կարող լինել կիսկատար: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Եվրոպայի կոնվենցիայի` մահապատժի վերացման վերաբերյալ 6-րդ արձանագրության վավերացման հարցում վերջնական խոսքը պատկանում է Հայաստանի խորհրդարանին:
 Ուշագրավ
---