Վարդան Օսկանյան. Պատմությունը ոչ միշտ է մարդկությանը երկրորդ շանս տալիս, բայց մենք այն ունենք

PanARMENIAN.Net - «Երկար ժամանակ միայն մենք ինքներս էինք 20-րդ դարասկզբի իրադարձությունները հավերժացնում: Մենք միայնակ էինք մնացել, որովհետեւ կար պատմության երկու տարբերակ` պաշտոնականն ու ենթադրյալը, ճանաչվածն ու մերժվածը: Անկման հասած կայսրությանը փոխարինեց մի հանրապետություն անխաթար, գրեթե աստվածային ինքնակերպարով: Այդպիսի եղեռնագործությունները եւ դրանց հանդուրժելը չէին տեղավորվում ինքնաբնորոշման այդ կերպարի մեջ: Այս իսկ պատճառով նոր պատմություն հնարվեց, որում այս գործողությունները երբեք չէին կատարվել: Հանցագործություններ չկային: Իրենց սեփական ռազմական դատարանների արձանագրություններն անտեսվեցին, միսիոներների ու դիվանագետների վկայությունները կասկածի տակ դրվեցին»,- Բրյուսելում ասել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հիշատակման երեկոյին: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման հիշատակման միջոցառումներն այսօր շատ էական են` աշխարհում Բոսնիայից մինչեւ Ռուանդա ու մինչեւ Դարֆուր տարածվող ցեղասպանության աճող վտանգի պարագայում: Նա նաեւ ողջունել է թուրք մտավորականի խոսքերը, ով հայտարարել է. «Ես ոչ մեղավոր եմ, ոչ էլ պատասխանատու 90 տարի առաջ արվածի համար: Բայց ես պատասխանատվություն եմ կրում նրա համար, ինչը կարող է արվել այսօր»:



Վարդան Օսկանյանը գտնում է, որ մենք պետք է տարանջատենք Օսմանյան կայսրությունն այսօրվա Թուրքիայի կառավարությունից: «Բայց պետք է ասեմ, որ թեեւ դա հնարավոր է անել, երբ խոսում ենք 1915թ. կատարված իրադարձությունների մասին, սակայն դա ավելի ու ավելի դժվար է դառնում, երբ խոսում ենք թուրքական պետության կողմից այսօր տարվող ժխտողականության մասին: Ինչպես տարանջատենք երկու պետությունները, երբ ներկայացված ու պաշտպանության արժանացած գաղափարախոսությունը նույնն է: Ժխտման այս քաղաքականությունը թեեւ գաղափարայնորեն եւ թեեւ բարոյականապես սնանկ է: Որքան ուշ նրանք հետադարձ կատարեն ու սկսեն տարբերակել իրենց պահվածքը իրենց նախնիների պահվածքից, այնքան ավելի դժվար կլինի մարդկանց մտքերում տարանջատել երկու վարչակարգերը,- ասել է Օսկանյանը: Իր ելույթի վերջում Հայաստանի արտգործնախարարը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների ապագայի, տարածաշրջանային համագործակցության մասին. «Այսօր Հայաստանն ու Թուրքիան հարեւաններ են եւ այդպես էլ կմնան: Մենք ընդհանուր սահման ունենք: Միայն միասին մենք կարող ենք առաջ ընթանալ: Ոչ միշտ է պատմությունը մարդկությանը երկրորդ հնարավորությունը տալիս: Այս հարեւանության մեջ, մեր հարեւաններով մենք երկրորդ հնարավորությունն ունենք»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ Եվրոպան այն տեղն է, ուր մարդիկ անցյալից վերցնում են այն, ինչն անհրաժեշտ է առաջ ընթանալու համար, եւ սա այն տեղն է, ուր նախկին թշնամիներն ու հակառակորդները կարող են անտեսել ու դատապարտել գործողությունները, քաղաքականություններն ու գործընթացները, բայց ոչ երբեք` մարդկանց: «Փոխարենը, մարդիկ Եվրոպայում զղջումից դեպի հաշտեցման են գնում ու գրկաբաց ընդունում ապագան: Հենց սա է, որ մենք ուզում ենք անել մեր տարածաշրջանում»,- ասել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---