ՍԾՏՀ-ն պետք էր օժանդակեր ստեղծելու այնպեսի միջավայր, որը կնպաստեր հակամարտությունների լուծմանը

PanARMENIAN.Net - «Ստամբուլում 15 տարի առաջ ՍԾՏՀ հիմնադրումը հեռանկարային քայլ էր մի այնպիսի ժամանակ, երբ աշխարհը գտնվում էր պատմական խաչմերուկներում, երբ գրեթե բոլոր անդամ երկրներն իրենց պատմական շրջադարձային պահերն էին ապրում` շարժվելով դեպի նոր կամ վերակազմավորված պետություններ: Ճիշտ այնպես, ինչպես մեր կազմակերպությունն էր երիտասարդ, այնպես էլ մեր պետություններից յուրաքանչյուրը»,- Ստամբուլում ՍԾՏՀ հոբելյանական գագաթնաժողվոին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, տասնհինգ տարի անց կազմակերպության երկրներից յուրաքանչյուրն է փոխվել, եւ ՍԾՏՀ-ն` նույնպես: «Ես կարող եմ հանդես գալ Հայաստանի անունից: Մեր տնտեսական աճը գոհացուցիչ է, անկախության ձեռքբերմանը հաջորդած անկման շրջանը արդեն վատ հիշողության է վերածվել: Հաստատություններն ավելի ամուր են, ինչի վկայությունն էին վերջերս անցկացված ընտրությունները, որոնք, հպարտությամբ եմ նշում, շատ դրականորեն են գնահատվել միջազգային հանրության կողմից: Մարդիկ ավելի վստահ են: Այդ վստահությունը ոչ միայն ներքուստ է, այլեւ ամրապնդվում է միջազգային գնահատականներով արտահայտված ցուցանիշներով»- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:



Վարդան Օսկանյանի խոսքերով, ինչպես պետությունները չեն կարող, այնպես էլ ՍՏՀ-ն չի կարող թաքնվել պատանեկության քողի ներքո: Նա նշել է, որ եթե այս 15 տարիներին դիպվածային տատանումները վերագրում էինք պետությունների միջեւ առկա որոշ վեճերի, շահերի ու դաշինքների, այսօր մենք տեսնում ենք, որ թույլ տալով ինքներս մեզ առաջնորդվել մեր տարբերություններով, սահմանափակում ենք այս կազմակերպության հնարավորությունը` ազդեցիկ լինելու համաշխարհային քաղաքականության մեջ:



«ՍԾՏՀ-ի ու Եվրամիության միջեւ կապն ընդարձակելուն ուղղված հատուկ ջանքերը մեր հասունության դրսեւորումն են ու նշանակալից նվաճումներից մեկը: Մինչ ԵՄ-ն աճում ու փոփոխվում է, եւ քննարկում Սեւծովյան հարթության օգուտները տնտեսական, սոցիալական, բնապահպանական ու էներգետիկ համագործակցության տեսանկյունից, եւ քանի ՍԾՏՀ-ն աշխատում է իր կապը ԵՄ-ի հետ կատարելագործելու ուղղությամբ, մենք` Սեւ ծովի տարածաշրջանում, շատ բան ունենք սովորելու նրանցից, որոնք գտնվում են Միջերկրական ծովի, Ադրիատիկի, Բալթյան ու Հյուսիսային ծովերի ափերին: Ավելի խորը հարաբերություններ ունենալու մեր պահանջը սահմանափակված չէ ԵՄ տարածքում առկա կառուցվածքային, տեխնիկական ու ինստիտուցիոնալ փորձառությամբ: Ավելին, մենք պատրաստ ենք օգտվելու եվրոպական այն կարողությունից, որ հին սահմանները տարանցող կապեր է ստեղծում մարդկանց միջեւ եւ այս նոր ինստիտուցիոնալ ձեւերից ստեղծում է մի բան, որն իրապես համայնք է: Մենք նաեւ Եվրոպայից շատ բան ունենք սովորելու` հին խնդիրներին նոր լուծումներ փորձել գտնելու առումով: Այս կազմակերպությունը կարող էր, պետք էր օժանդակեր մեր տարածաշրջանում ստեղծելու այնպեսի միջավայր, որը կնպաստեր հակամարտությունների լուծման գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ այս մոտեցումն է ճիշտ ուղին, քանի որ հավատացած ենք, որ լուծումների հնարավոր է հասնել միայն փոխզիջումների միջոցով, փոխզիջումը ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահություն է ակնկալում, իսկ համագործակցությունը ակնհայտ ու ապացուցված ուղին է այսպիսի վստահություն ներշնչելու համար: Համագործակցությունից հրաժարումը միակողմանի լուծումներ գտնելու թյուր ցանկությունների ախտանշանն է. սա անիրատեսական է: Միակողմանի լուծումների դարաշրջանն ավարտված է»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---