Սերժ Սարգսյանը չի հավատում, թե Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ին առավել կանխատեսելի է դարձնում նրան

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն աչք են փակում Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման վրա: Անկարայի սահմանը բացելու մերժումը ՀՆԱ-ի 1/3 արժեքն ունի փոքր, դեպի ծով ելք չունեցող երկրի համար: Եվրոպացիները շրջանցում են այդ հարցերը: Նրանք սիրում են խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների մասին, սակայն խոսելն շատ ավելի հեշտ է քան ինչ-որ բան ձեռնարկելը»,-«Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Ռոյթերը» հիշեցնում է, որ Թուրքիան փակել է քրիստոնյա Հայաստանի հետ սահմանը 1993 թվականին, որպես բողոքի նշան հայկական զորքերի կողմից Ադրբեջանի` Անկարայի իսլամական դաշնակցի տարածքների մի մասի գրավման դեմ, Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի ժամանակ: Անկարան ասում է, թե չի բացի սահմանը, մինչեւ որ Հայաստանը խաղաղ պայմանագիր չի կնքել Ադրբեջանի հետ»:



Շրջափակումը, Ադրբեջանի կողմից կիրառվող նմանատիպ միջոցներին զուգահեռ, նշանակում է, որ Հայաստանը պետք է առեւտրի համար օգտագործի Վրաստանի հետ ցամաքային սահմանը կամ Իրանի հետ լեռնանցքները, ինչն ավելացնում է տեղափոխման հետ կապված ծախսերը»:



Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի եւ չի խոչընդոտում այդ երկրի անդամակցմանը ԵՄ-ին, քանի որ, այդ դեպքում, Անկարան «առավել կանխատեսելի» կդառնա:



«Թեեւ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները ասում են մեզ, թե Թուրքիան կանխատեսելի է, քանի որ անդամակցում է ՆԱՏՕ-ին, ես չեմ հավատում դրան: Մինչ Հայաստանի հետ սահմանը փակելը Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, օկուպացիայի ենթարկեց Կիպրոսը»,-ասել է Հայաստանի վարչապետը:



«Ռոյթերսը» նշում է նաեւ տեւական պատմական թշնամանքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որը սկսվել է 1915-1917թթ. Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունից:



«Հայերը եւ որոշ եվրոպական ազգեր կատարված սպանությունները ցեղասպանություն են համարում: Թուրքիան պնդում է, թե նրանք սպանվել են Առաջին աշխարհամարտի ժամանակ որպես պարտիզանական պայքարի մասնակիցներ: Ժամանակակից Թուրքիայում հանցագործություն է համարվում այդ իրադարձությունների որպես Ցեղասպանության մասին խոսելը»,-գրում է «Ռոյթերսը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---