Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից անխուսափելի է

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից անխուսափելի է եւ վաղ թե ուշ դա տեղի կունենա: Բանը նրանում է, թե երբ կկարողանա Ամերիկան «ժամանակ գտնել»: Այժմ ԱՄՆ-ում կարծում են, թե դրա ժամանակը դեռեւս չի եկել, սակայն դա ընդամենը Պետդեպարտամենտի եւ նախագահ Բուշի վարչակազմի տեսակետն է»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:



Հայաստանի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան անհանգստանալու առիթ կունենա, եթե Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հավանություն ստանա Ներկայացուցիչների պալատում: «Հոկտեմբերի 10-ից, երբ բանաձեւը ստացավ Պալատի Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը, ես դեռեւս չեմ հանդիպել ամերիկյան եւ համաշխարհային մամուլում մի կարծիք, ըստ որի Հայոց ցեղասպանություն չի եղել: Այդ տեսակետից 106-րդ բանաձեւի քննարկումը դրական դեր ունեցավ»,-գտնում է Օսկանյանը:



106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին եւ հոկտեմբերի 10-ին ստացել է Արտաքին գործերի կոմիտեի հավանությունը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Միեւնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ բանաձեւը ետ կանչվի: «Ես շարունակում եմ այն կարծիքին մնալ, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը լրջորեն կվնասի Թուրքիայի հետ մեր հարաբերություններին»,-հայտարարել է Քոնդոլիզա Ռայսը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---