Հայաստանի եւ Լիտվայի ԱԳՆ ղեկավարները հուշագիր են ստորագրել եվրաինտեգրման ոլորտում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտիեկունասի հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձան վրաստանյան իրադարձություններին: Մտահոգություն հայտնելով առկա լարվածությամբ եւ կարեւորելով Վրաստանի կայունությունը, Վ.Օսկանյանը ընդգծեց, որ ԵՄ-ի եւ եվրոպական այլ կառույցների հետ համագործակցության զարգացումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը կնպաստի տարածաշրջանի երկրներում քաղաքական համակարգերի կայունացմանը, իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսության մշակույթի ձեւավորմանը:



Վարդան Օսկանյանն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաեւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության խնդիրների շուրջ: Հանդիպմանը հաջորդեց «Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագրի ստորագրման արարողությունը եւ համատեղ մամուլի ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---