Երեւանում իր աշխատանքն է սկսել ԱՊՀ դիտորդների առաքելությունը

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդների առաքելությունը կենտրոնակայան է բացել Երեւանում եւ սկսել է Հայաստանում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկմանը:



Ինչպես ճեպազրույցում հաղորդել է ԱՊՀ դիտորդական առաքելության կենտրոնակայանի ղեկավար Վլադիմիր Գորկունը, դեռեւս դիտորդների խմբում 5 հոգի են, ավելի ուշ նրանց կմիանան եւս 17-ը, իսկ ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն ԱՊՀ 150-170 դիտորդներ:



«Մենք ժամանել ենք Հայաստանի արտգործնախարարի հրավերով եւ կգործենք անկախ, օբյեկտիվ, ղեկավարվելով մեր դիտորդների գնահատականներով»,-ասել է Վ.Գորկունը:



Նրա խոսքերով, առաքելությունը մտադիր է աշխատանքը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի այցելել հանրապետության շրջանների բոլոր շրջկենտրոններում:



Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին: Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է ինը թեկնածուների: Նախընտրական արշավը մեկնարկել է հունվարի 21-ին:
 Ուշագրավ
---