Եվրոպան շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը բխում է Եվրոպայի չափազանց կարեւոր շահերից, ինչպես նաեւ աջակցությունը երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոբերտա Բոնացցին նախօրեին Երեւանում կայացած խորհրդաժողովի ընթացքում` նվիրված Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին զարգացող աշխարհաքաղաքական համատեքստում: «Ներկայիս Միջազգային իրավիճակում Հայաստանն առանցքային դեր է կատարում որպես մի երկիր, որը կարողացել է մի կողմից երկխոսություն ծավալել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից` Ռուսաստանի եւ Իրանի հետ»,-նշել է Բոնացցին:



Նրա խոսքերով, Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամը ձգտում է աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ սատարել բաց հասարակություն ստեղծելու ժողովրդավարական բարեփոխումներին: ԵԺՀ-ի ղեկավարը պարզաբանել է, որ խորհրդաժողովի նպատակն է աջակցել ժողովրդավարական բարեփոխումներին նվիրված բանավեճին, ինչպես նաեւ բարձրացնել հասարակության տեղեկացվածության մակարդակն այն մասին թե ինչ է ժողովրդավարությունն ու ինչպես են քաղաքացիները քվեարկելով ազդում եւ դերակատարություն ունենում քաղաքականության մեջ:



«Ընտրությունները ժողովրդավարության կարեւոր, բայց ոչ միակ բաղադրիչն են: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը բխում է քաղաքացիական մասնակցությունից եւ մասնակցությունից ընտրություններին»,-հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---