Հայաստանի եւ Սերբիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Կիեւում մասնակցեց ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի հատուկ նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես եկավ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Կիեւում կայացած հանդիպումների ընթացքում ընդունվեց ԵՄ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների արտգործնախարարների համատեղ Հայտարարությունը եւ ՍԾՏՀԿ-ԵՄ գործընկերության մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի Հռչակագիրը: Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց ՍԾՏՀԿ անդամ-երկրների կառավարությունների միջեւ Սեւծովյան տարածաշրջանի ծովային ուղիների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:



Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ունեցավ նաեւ երկկողմ հանդիպումներ: Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բակրաձեի հետ նախարար Օսկանյանը քննարկեց երկկողմ օրակարգի հարցեր: Վերահաստատելով բարեկամական հարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը, նախարարները կարեւորեցին երկու պետությունների ղեկավարության հաստատակամությունը նպաստելու փոխշահավետ գործընկերության ծավալմանը բոլոր ուղղություններով: Նշելով հակամարտությունների կարգավորման հարցում մոտեցումների տարբերությունը` կողմերը միեւնույն ժամանակ ընդգծեցին, որ շարունակելու են այս հարցում միմյանց շահերը հաշվի առնելու շրջահայաց քաղաքականությունը` նպատակ ունենալով հնարավորին չափ նպաստելու Հարավային Կովկասում կայունության հիմնասյուներից մեկը հանիսացող հայ-վրացական հարաբերություններին: Նախարար Օսկանյանը կարեւորեց տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերում երկու երկրների ներգրավումը:





Զրուցակիցները շոշափեցին նաեւ միջազգային արդի օրակարգի հարցեր, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Կոսովոյի` առաջիկայում ակնկալվող անկախության հռչակման շուրջ իրադարձությունների զարգացմանը: Վրաստանի նախարարը ներկայացրեց վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:



Նախարար Օսկանյանը նաեւ հանդիպեց Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչի հետ: Կողմերն ընգծեցին երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները եւ գոյություն ունեցող փոխադարձ համակրանքը: Քննարկվեցին Կոսովոյի հիմնահարցի շուրջ զարգացումների հետեւանքները, շահագրգիռ պետությունների դիրքորոշումների ազդեցությունը առկա հակամարտությունների կարգավորման վրա: Նախարար Օսկանյանը նաեւ ներկայացրեց Հայաստանում ներքաղաքական զարգացումները նախագահական ընտրությունների նախօրեին:



Փետրվարի 15-ին նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Ուկրաինայի ԱԳ նախարար Վլադիմիր Օգրիզկոյի հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---