ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հնչեցրած մոտեցումները որեւէ ընհանուր բան չունեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հետ

PanARMENIAN.Net - Անընդհատ պնդելով սեփական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Ադրբեջանը չի կարողանա ընդգրկել այդ կետերը կարգավորման փաստաթղթում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովի կողմից ներկայացված Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նալբանդյանի խոսքերով, Ազիմովի հնչեցրած մոտեցումները որեւէ ընհանուր բան չունեն բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հետ, Ազիմովն ընդամենը ներկայացրել է իր եւ Ադրբեջանի դիրքորոշումը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նորից հաստատել է, որ բանակցությունների գլխավոր պահը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի հիման վրա: Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են առաջարկություններ, որոնք հանդիսանում են տքնաջան աշխատանքի արդյունք եւ կարեւոր է շարունակել բանակցությունները այդ առաջարկությունների հիման վրա, հաղորդում է Regnum-ը:



Հիշեցնենք, որ Day.az-ին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: Ազիմովի ներկայացված 8 սկզբունքների համաձայն, հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, հակամարտության կարգավորման նպատակն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների վերադարձը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանի իրավասությանը:
 Ուշագրավ
---