Հայաստանի պաշտպանության նախարարին հրավիրել են Չինաստան

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հուն Ցզյուին եւ ռազմական կցորդ, ավագ գնդապետ Մա Յունբաոին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը, ի դեմս դեսպանի, ցավակցություն հայտնեց չին ժողովրդին` վերջերս Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տասնյակ հազարավոր զոհերի, ինչպես նաեւ մարդատար գնացքի վթարից զոհվածների կապակցությամբ: Հուն Ցզյուն, շնորհակալություն հայտնելով նախարարին, նշեց, որ Չինաստանի կառավարությունն ու զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում մեր երկու երկրների բարեկամությանը եւ երկուստեք համագործակցությանը` ինչպես ռազմական, այնպես էլ մյուս ոլորտներում: Նա հատուկ ընդգծեց հայ եւ չին ժողովուրդների միջեւ դարավոր պատմությունը` հույս հայտնելով, որ այդ բարեկամությունը կլինի հարատեւ ու օգտավետ, եւ Չինաստանի պաշտպանության նախարարի անունից ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց 4-րդ եռամսյակում Չինաստան կատարելիք պաշտոնական այցի հրավերը:



Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Չինաստանի կառավարությանը եւ բանակի ղեկավարությանը` առ այսօր ցուցաբերած օգնության համար եւ պատրաստակամություն հայտնեց, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել Չինաստանին: Կողմերը քննարկեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` եւս մեկ անգամ ընդգծելով, որ Չինաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, որ հատուկ ուշադրություն է հատկացվում մեր երկու երկրների ռազմական համագործակցությանը: Նշվեց նաեւ, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված եւ այն օրեցօր խորանում է. այսօր Չինաստանում ռազմական բարձրագույն հաստատություններ են ավարտել 27 հայ սպաներ, իսկ 2007-2008 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է եւս 9 տեղ: Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք հաջողություններ մաղթեցին երկու երկնրների մարզիկներին` ամռանը Չինաստանում անցկացվելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---