Երեւանում անցկացվեց մարտի դեպքերից հետո ընդդիմության առաջին արտոնված ցույցը

PanARMENIAN.Net - Օրերս Երեւանում անցկացվեց մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմության առաջին արտոնված ցույցը: Ինչպես ցույցի ընթացքում հայտնել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ընդդիմության հաջորդ ցույցը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Հաջորդ հանրահավաքի ընթացքում «կամփոփվեն ներքաղաքական իրադարձությունները եւ ապագայի ծրագրեր կմշակվեն»:



Ելույթ ունենալով ցույցի ընթացքում` ընդդիմության առաջնորդը` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ պատմաբանների հայ-թուրքական կոմիտեի ստեղծման դեմ. նման առաջարկով 2005թ. հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով, նման առաջարկով հանդես գալով` թուրքական կողմը նպատակ էր հետապնդում դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:



Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներն այս անգամ ձեռնպահ մնացին Երեւանի կենտրոնական փողոցներով ավանդական դարձած երթից` հիմնավորելով դա նրանով, որ քաղաքի իշխանությունները խնդրել են հրաժարվել երթից, քանի որ սեպտեմբերի 15-ը Հայաստանում Մեռելոցի օր էր, որը նշվում է Աստծո Կենդանարար Խաչի Հաստատման տոնից հետո:
 Ուշագրավ
---