«Շուշի» հիմնադրամը կոչ է անում համաշխարհային հանրությանը ճանաչել Ղարաբաղը որպես բանակցային կողմ10 նոյեմբերի 2008 - 15:00 AMT PanARMENIAN.Net - «Շուշի» բարեգործական հիմնադրամը կոչ է անում Հայաստանի եւ ԼՂՀ իշխանություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին ու այլ միջազգային կառույցներին, նպաստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոտնահարված իրավունքի վերականգնմանն ու ճանաչել ԼՂՀ-ն որպես ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների կողմ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Շուշի» հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով «Շուշի» հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հանուն արդարության» շարժումը: «1988թ. Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Լեռնային Ղարաբաղին, եւ ստացվում է, որ պատերազմից հետո հակամարտության կողմ է հանդիսանում Ղարաբաղը: Բանակցությունների սկզբնական փուլում այդպես էլ կար, սակայն այժմ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին, եւ որպես հակամարտության կողմ է հանդես գալիս Հայաստանը: Այս ամենը միջազգային հանրության մոտ տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն ագրեսոր է եւ Ադրբեջանի տարածքներն է գրավել»,-նշել է Բակուր Կարապետյանը եւ հավելել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, պաշտոնական Բաքուն իրեն որպես զոհ է ներկայացնում եւ պահանջում է Երեւանից վերակագնել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Ըստ «Շուշի» հիմնադրամի տնօրենի, ՀՀ քաղաքական վերնախավը, հանդես գալով որպես հակամարտության կողմ բանակցություններում, այսօր գտնվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ստեղծած դիվանագիտական ծուղակում: «1975թ. ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ հոդվածում ասվում է, որ «ազգերի ինքնորոշման իրավունքը կենսական նշանակություն ունեցող սկզբունք է»: Փաստորեն, ժողովրդների ինքնորոշման իրավունքն ընդհանուր միջազգային իրավունք է: Հաշվի առնելով սա, Բաքուն ու Անկարան նպատակաուղղված կերպով դուրս բերեցին Ղարաբաղը բանակցային գործընթացից եւ փոխարինեցին այն Հայաստանով: Իրականում Հայաստանը պետք է հանդես գալ սոսկ որպես միջնորդ եւ իր ժողովրդի անվտանգության երաշխավոր»,-նշել է Բակուր Կարապետյանը եւ հավելել, որ այսօր նրանք չեն պահանջում պաշտոնական Երեւանից ճանաչել ԼՂՀ անկախությունը, քանի որ դա կդառնա նոր խնդիրների առաջացման պատճառ: «Մենք ուղղակի ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը վերականգնի իր իրավունքը եւ մասնակցի հակամարտության կարգավորման բանակցություններին, սակայն Մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո պարզ է դարձել, որ ղարաբաղյան կողմը լիովին դուրս է մղվել այդ գործընթացից»,-նշել է Բ.Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |