Արման Մելիքյան. Միջնորդները փորձում են Հայաստանին համոզել, որ հայ փախստականների խնդիրը գոյություն չունի

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել փոխադարձ զիջումների ճանապարհով: Հակամարտությունը կարող է լուծվել կամ միակողմանի զիջումների միջոցով, ինչին պարտադրում են Հայաստանին, կամ էլ ստիպված կլինենք ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Ելքն այսպիսին է, ու քանի դեռ Երեւանին եւ Ստեփանակերտին ստիպում են այսպես կոչված «փոխադարձ զիջումների» գնալ, մենք տանուլ ենք տալիս»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա համոզմամբ, հակամարտության ամենակարեւոր հարցերից մեկը Ադրբեջանի հայ փախստականների ապագայի հարցն է:



«Հայ փախստականների հարցը կապելով որեւէ տարածքների հանձնման հարցի հետ` մենք կկարողանանք, վերջապես, լուծել Ադրբեջանի հողերի վերադարձի խնդիրը: Այսինքն, ազատագրված տարածքները չպետք է փոխանցվեն որեւէ մեկին: Այդ հողերը պատկանում են հայերին, որոնք բնակվում էին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում եւ որոնք վտարվեցին Կիրովաբադից, Բաքվից եւ Ադրբեջանի այլ շրջաններից: Հասկանալի է, որ այսօր նրանք չեն կարող վերադառնալ այնտեղ, քանի որ չկա անվտանգության ոչ մի երաշխիք»,- նշել է Արման Մելիքյանը` ավելացնելով, որ այսօր միջնորդները փորձում են Հայաստանին համոզել, որ հայ փախստականների խնդիրը գոյություն չունի: ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավարի խոսքերով, Հայաստանի իշխանությունները կարող են փոխել ներկա իրադրությունը եւ ստեղծել հստակ գործողությունների փաթեթ: «Այսօր Հայաստանի կառավարությունը չպետք է փորձի դուր գալ ինչ-որ մեկին: Զինվորականները պատվով են կատարել իրենց գործը, այժմ քաղաքական գործիչների եւ դիվանագետների հերթն է: Հիմա նրանք պետք է ցույց տան իրենց հմտությունները եւ բացեն հակամարտության լուծման ճանապարհն այնպես, որպեսզի դա բարենպաստ լինի մեզ համար»,- ամփոփել է Արման Մելիքյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---