20 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին $51 մլն է տրամադրել Սպիտակի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման համար

PanARMENIAN.Net - Սպիտակի երկրաշարժի քսաներորդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեկտեմբերի 5-ին «Ճանապարհ դեպի վերածնունդ» լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել: Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները պատմում են այն աջակցության եւ օգնության մասին, որը ԱՄՆ-ն տրամադրեց Հայաստանին անմիջապես Սպիտակի երկրաշարժից հետո եւ որը շարունակում է ցուցաբերել վերջին 20 տարիների ընթացքում:



«Ես համոզված եմ, որ մենք մոտ ենք 1988թ. ողբերգության հետեւանքների լիկվիդացմանը, թեեւ մեզ դեռ շատ մեծ աշխատանք է սպասվում կատարելու` աղետի գոտու լիարժեք վերականգնման համար: Մենք պետք է աշխատենք նախկին ոգով եւ տրամադրվածությամբ, որպեսզի ոչ մի ընտանիք անօթեւան չմնա երկրաշարժից տուժած շրջաններում, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր շրջաններում»,- հայտնել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության 2000-2004թթ. աղետի գոտու վերականգնման ծրագրի ղեկավար Սթիվ Ալյանը: Այդ 4 տարիների ընթացքում աղետի գոտում իրագործվել են $35 մլն ծախս պահանջած աշխատանքներ:



«Անմիջապես դեկտեմբերյան երկրաշարժից հետո Ամերիկան մեկն էր աշխարհի 74 երկրներից, որոնք օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին: Ընդհանուր առմամբ, ավերված քաղաքների եւ գյուղերի համար ԱՄՆ-ն Հայաստանին $51 մլն է հատկացրել»,- հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
 Ուշագրավ
---