ՀՀ ԱԳՆ. 2008 թվականին Հայաստանը շարունակել է եվրոպական կառույցների հետ մերձեցման քաղաքականությունը

PanARMENIAN.Net - 2008 թվականին Հայաստանը շարունակել է եվրոպական կառույցների հետ մերձեցման քաղաքականությունը, մասնավորապես խորացել է համագործակցությունը Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում: 2008-ի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը հանդես եկավ «Արեւելյան գործընկերություն» առաջարկությամբ, որը ողջունվեց Հայաստանի կողմից: Այն կարող է որակական նոր մակարդակի բարձրացնել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները:



Ինչպես ասվում է ՀՀ ԱԳՆ 2008 թվականի հաշվետվությունում, քաղաքական երկխոսության խորացման տեսակետից կարեւոր նշանակություն ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցերը նոյեմբերի 3-4-ը` Եվրոպական միությունում նախագահող Ֆրանսիա եւ նոյեմբերի 5-6-ը` Բրյուսել` ԵՄ կառույցներ, որոնք նոր լիցք հաղորդեցին Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությանը: Այցելության շրջանակներում համաձայնագիր է ստորագրվել Հայաստան ԵՄ խորհրդատուների խմբի գործուղման վերաբերյալ, որոնք պետք է աշխատանքներ ծավալեն Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով:



2008թ. Հայաստանը շոշափելի առաջընթաց է արձանագրել ԵՄ հետ արտաքին քաղաքականության ասպարեզում սերտ համագործակցության հաստատման ուղղությամբ, որը դրսեւորվել է քաղաքական բարձր մակարդակի երկխոսության խորացմամբ, քաղաքական խորհրդատվությունների նոր ձեւաչափերի ստեղծմամբ:



2008թ. Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԵԱՀԿ երեք հարթություններում իրականացված աշխատանքներին: Փետրվարի 25-26-ը Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկա Կաներվան: Հուլիսի 1-3-ը Ֆինլանդիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Ստուբի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեի հետ: Սեպտեմբերի 10-11-ը Երեւանում էր գտնվում 2009թ. ԵԱՀԿ հունական նախագահության աշխատանքային խումբը, որը ղեկավարում էր դեսպան Նիկոլաոս Կալանցիանոսը: Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հելսինկիում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպմանը, որի ընթացքում ընդունվեցին հայտարարություններ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:



2008թ. ընդլայնվեց համագործակցությունը Հայաստանի ու Եվրոպայի Խորհրդի միջեւ: Ընթացիկ տարվա մայիսին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ նախագահի, Ագոյի խմբի անդամների, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ: Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար եւ օժանդակությամբ ջանքեր են գործադրվել Հայաստանում հետընտրական զարգացումների արդյունքում առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ: 2008թ. շարունակվել է Հայաստանի համագործակցությունը Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների հետ, մասնավորապես` ՀՀ պարտավորությունների կատարումը վերահսկող ԵԽ նախարարների կոմիտեի խմբի (Ագոյի խումբ) եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը շարունակել է ակտիվորեն մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Փետրվարի 25-ին ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշն այցելեց Երեւան: 2008թ. մայիսին ՀՀ ԱԺ նախագահը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ խորհրդարանների նախագահների համաժողովին: 2008թ. հուլիսի 22-25-ը ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պյուիչն այցելեց Հայաստան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---