Ոստիկանության պետի տեղակալին սպանած հանցագործի մասին տեղեկությունների համար դրամական պարգեւ է խոստացված

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանությունը խոշոր պարգեւ է խոստանում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գեւորգ Մհերյանին սպանող հանցագործի կամ սպանության հանգամանքների մասին կարեւորություն ներկայացնող տեղեկությունների համար: Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամլո ծառայությունը, տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել 52-78-36, 52-77-46, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Գաղտնիությունը երաշխավորվում է:



2009 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ՝ Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք՝ 1-ը կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում:



Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:



Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:
 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---