ՕԱՀՈՒ պարտավոր են կանոնադրությամբ պաշտպանել ՀԱՊԿ անդամ երկրներին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի նախագահությունը շատ արգասաբեր էր: Այդ մասին իր պաշտոնին անցնելու միամյակի կապակցությամբ Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն բաց եւ կամավոր կազմակերպություն է, եւ նրա մեջ կարող է մտնել յուրաքանչյուր երկիր, եթե ցանկանա: «ՀԱՊԿ-ում համագործակցությունը ենթադրում է նաեւ անդամ երկրների պաշտպանությունը ագրեսիայից: Հենց այդ նպատակով են ստեղծվել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈՒ): ՀԱՊԿ մասնակիցները կազմակերպություն մտնելիս իրենց վրա են վերցրել միմյանց պաշտպանելու պարտականությունը, եւ եթե, օրինակ, Ադրբեջանը փորձի պատերազմ ծավալել Լեռնային Ղարաբաղում, դա կնշանակի, որ Հայաստանի դեմ ագրեսիա է կատարվել: Այդժամ ՕԱՀՈՒ պարզապես պարտավոր են կանոնադրությամբ օգնության հասնել Հայաստանին»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը: Սակայն, նշել է նա, Ադրբեջանը ուժի կիրառման չի գնա ղարաբաղյան հարցում:



Դրա հետ մեկտեղ Հայաստանի նախագահը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին չի հակասում ՀԱՊԿ կանոնադրությանը: «Մենք մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցում ենք` ելնելով մեր պետության շահերից»,- ասել է Սարգսյանը:



Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահում է 2008թ. սեպտեմբերից:
 Ուշագրավ
---