27 հունիսի 2002 - 19:20 AMT
PanARMENIAN.Net - Եկել է ժամանակը վերանայելու միջազգային ֆինանսական ինստիտուտների գործունեությունը, որը չի նպաստում տնտեսական իրավիճակի բարելավմանը զարգացող եւ աղքատ երկրներում: Այդպիսի հայտարարություն է արվել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի(ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ամբիոնից: ԵԽԽՎ մասնակից-երկրների ներկայացուցիչները կասկածի տակ են դրել Վերաշինման եւ զարգացման եվրոպական բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գործունեության արդյունավետությունը: Նշվել է, որ ՀԲ-ի կարգախոսը` «Մենք երազում ենք առանց աղքատների աշխարահի մասին», չի համապատասխանում այդ կառույցի իրական գործունեությանը եւ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային ֆինանսական կառույցները այդպես էլ չօգնեցին աղքատ երկրներին «ոտքի կանգնեցնել» իրենց տնտեսությունը: Մասնավորապես, հայկական պատվիրակության անդամ Աշոտ Գալոյանը հայտարարել է, որ ֆինանսական ինստիտուտների երկարաժամկետ վարկային ծրագրերը վատ են վերահսկվում, անարդյունավետ են եւ միայն ավելացնում են Հայաստանի արտաքին պարտքը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: