Թուրքիայի պահանջների պատճառով հայկական կողմն ակներեւաբար անբարենպաստ վիճակում է հայտնվել

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է շարունակի հետեւողական պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մինչեւ որ այն կճանաչվի ինչպես ողջ միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից: Նման կարծիք է հայտնել ջահերով երթին մասնակցող Հայ Դատի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական փաստաթղթի ստորագրման առիթով ճնշում կգործադրվի ՀՀ ԱԳՆ-ի վրա եւ ինչպես դա կարտահայտվի` Կիրո Մանոյանն ասել է. «ՀՀ ԱԳՆ-ն ստորագրելով ոչինչ չպարունակող փաստաթուղթ, վնաս է հասցրել հայկական շահերին հենց նրանով, որ այն ստորագրվեց ապրիլի 24-ին շեմին: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հնչեցրած պահանջների` կապել հայ-թուրքական սահմանի բացումը ղարաբաղյան հարցի լուծման հետ, հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից, արդյունքում հայկական կողմը հայտնվում է անշահավետ իրավիճակում: Նման պայմաններում նույնիսկ խորհրդանշական փաստաթղթի ստորագրումը վկայում է երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին: Եվ բոլոր հարցերը, այդ թվում իշխող կոալիցիայից դուրս գալու հարցը, կուսակցությունը վաղը կքննարկի»:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---