«Արեւելյան գործընկերությունը» պետք է գործի հանուն եւ ոչ թե ընդդեմ որեւէ բանի սկզբունքով

PanARMENIAN.Net - Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 7-ին մեկնարկած ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի առաջին գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ օրը նշանակալից է Հայաստանի եւ ծրագրում ընդգրկված այլ պետությունների համար: «Անկախ նրանից, թե ինչ հեռանկար է մեզանից յուրաքանչյուրը տեսնում Միության հետ իր հարաբերություններում, ակնհայտ է մի բան` ունենք անցնելու մեծ ճանապարհ»,-իր ելույթում նշել է Ս.Սարգսյանը:



«Հայաստանը մտադիր է հետեւողականորեն շարունակել Հարեւանության քաղաքականության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը: Այս շաբաթ ես ստորագրել եմ հրամանագիր, որով հաստատել եմ առաջիկա երեք տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ համագործակցությունը համակարգող գործողությունների ծրագիրը, որը պարունակում է շուրջ 200 միջոցառում: Հայաստանը հրավիրել եւ երախտագիտությամբ է ընդունել ԵՄ խորհդատուների խմբին, որն այսօր օգնում է մեր պետական կառավարման մարմիններին` իրականացնելու բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում»,-ասել է նախագահը:



Նա նշել է նաեւ, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության մեկնարկից ի վեր, երբ Հայաստանը ստացավ Միության արտաքին քաղաքականության հայտարարություններին միանալու հնարավորություն, մենք միացել ենք դրանց շուրջ 80 տոկոսին, ինչը ցույց է տալիս մեր մոտեցումների, տեսակետների եւ դիրքորոշումների ուղղվածության ընդհանրությունը: «Միեւնույն ժամանակ, Արեւելյան գործընկերության շրջանակներում Ասոցացման համաձայնագրեր կնքելու, ըստ անհրաժեշտության` երրորդ պետություններ ներգրավելու, ինչպես նաեւ ներգրավվածության հարցում առկա ճկունության հնարավորություններն այն գրավիչ են դարձնում բոլորի համար: Հաջողության հասնելու համար Արեւելյան գործընկերությունն իրականացման փուլում եւս պետք է առաջ տարվի ներառական, հանուն եւ ոչ թե ընդդեմ որեւէ բանի սկզբունքով»,-ասել է նախագահը:



Նա նաեւ նշել է, որ մեր օրերում «Եվրոպա» հասկացությունը դարձել է հանդուրժողականության, կառուցողական մոտեցման, խաղաղ լուծումների հոմանիշ: Մենք շատ ենք ուզում, որ Արեւելյան գործընկերությունն ուժեղացնի Եվրոպայի այդպիսի ընկալումը: «Մենք ուզում ենք, որ այն հաջողությամբ պսակվի, եւ ցույց տա, որ արժեքային համակարգի վրա հենված քաղաքականությունը կարող է տալ բացառիկ եւ անսպասելի արդյունք: Բայց դրան հասնելու համար պահանջվում է բոլորիս նվիրված եւ հետեւողական աշխատանքը»,-ավարտին ասել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---