Տիգրան Սարգսյանը շնորհավորել է հայ ժողովրդին Հաղթանակի օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդին շնորհավորել է Հաղթանակի օրվա եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները: Հուսալի ու անվտանգ մեր վաղվա օրը կերտելու համար մենք պետք է ճիշտ գնահատենք եւ այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչեւ Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ եւ անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի:



Մենք չենք կարող մոռանալ, որ հայ ժողովուրդն իր անունը փառքով պսակեց նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմում` արժանի ներդրում ունենալով ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի գործում:



Ամբողջ հայության համար հատկապես մեծ է մեր նորօրյա հաղթանակների` արցախյան ազատամարտում գրված հերոսական էջերի, սխրանքների նշանակությունը, որոնք նոր ժամանակներում հայոց ռազմագիտական մտքի, զենքի եւ ոգու սքանչելի դրսեւորումներից են:



Շնորհավորելով Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր անկախ պետականության ամրապնդման, համազգային նպատակների իրականացման, սերունդների անկանգ երթի»:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---