Հայաստանն ու Թուրքիան բանակցությունները պետք է նախապայմաններից սկսեին

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան բանակցությունները պետք է նախապայմաններից սկսեին գոնե այն բանի համար, որ պարզ լիներ, թե ինչպիսի պահանջներ ունի յուրաքանչյուր կողմը, իսկ հետո արդեն սկսեին բուն բանակցություններն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- հայտնել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:



Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացին` Սարգսյանն ընդգծել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն, թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայություններն աշխատում են երկու երկրների հասարակությունների ապակայունացման համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովեն նահանջը բանակցություններից:



Ինչպես նշել է Արամ Սարգսյանը, ՀՀ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում փորձում էր առաջ շարժվել` օգտագործելով ճկուն քաղաքականություն, սակայն, ըստ Սարգսյանի, հայկական կողմը պետք է հստակ կոնցեպցիայի վրա հիմնվի: «Թուրքիան կարող է իրեն թույլ տալ վարել սիտուացիոն քաղաքականություն, իսկ մենք` ոչ»,- նշել է նա:



Սարգսյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանը միջազգային հրապարակում պետք է ավելի ակտիվ կերպով օգտագործի լրացուցիչը ռեսուրսը «Հայաստան-Սփյուռք» համատեղ լոբբի տեսքով, որից վախենում են թե' Ադրբեջանում, թե' Թուրքիայում:
 Ուշագրավ
---