Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է

PanARMENIAN.Net - «Հայաստանի ներքաղաքական կյանքում պասիվությունը բացատրվում է նրանով, որ ակտիվացմանը, որը մեզ մոտ ընթանում է ընդհարումներով, հաջորդում է որոշակի անկում: Սակայն, դա չի նշանակում, որ ներքաղաքական խնդիրները կորցրել են իրենց արդիականությունը», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը :



Խոսելով հնարավոր լարված աշնան մասին, նա նշել է, որ հատուկ իրադարձություններ չեն ակնկալվում, քանի որ մինչ այժմ միասնականություն չկա Հայաստանի ընդդիմադիր ճամբարում: «Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ ո'չ Հայ ազգային կոնգրեսից, ո'չ ՀՅԴ-ից մենք պատասխան չենք ստացել միասնական պլատֆորմի շուրջ համագործակցելու մեր առաջարկությանը» , - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:



Պատգամավորի խոսքերով, ՀՀ-ում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է, քանի որ մինչ այժմ չեն բացահայտվել մարտի 1-ի իրադարձություններում մեղավոր անձինք: ««Ժառանգություն» կուսակցության եւ ՀԱԿ-ի դիրքորոշումն այդ իրադարձություններում իրական մեղավորների բացահայտման գործում, ամբողջովին համընկնում է», - նշել է Ալավերդյանը: Նրա խոսքերով, այդ իրադարձություններում մեղավորների անձի բացահայտումը բխում է նաեւ Հայաստանի ղեկավարության շահերից, քանի որ իշխանությունները պատասխանատու են երկրում տիրող իրավիճակի համար: «Քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Հայաստանի իշխանությունները չեն հասնի երկրի ներքին կյանքում երկարատեւ կայունության», - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը:
 Ուշագրավ
---