Ռուբեն Թովմասյանը գտնում է, որ դիվանագիտական հարաբերություների համար պարտադիր չէ բաց սահմաններ ունենալ

PanARMENIAN.Net - Կոմունիստական կուսակցությունը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, Երեւանը կարող է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալ, բայց դրա համար պարտադիր չէ բաց սահմաններ ունենալ: «Մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք այնպիսի երկրների հետ, որոնք քարտեզի վրա անգամ չենք կարող մատնանշել, բայց դրա հետ մեկտեղ մենք նրանց հետ բաց սահմաններ չունենք»,- ասել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդը:



Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը սպառնալիք է հայ ժողովրդի անվտանգության համար: Սահմանի բացմամբ Հայաստանը կբացի դռները ՆԱՏՕ-ի համար: «Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ողջ նպատակը Երեւանը Մոսկվայից բաժանելն է, բայց եթե Հայաստանը խելացի քաղաքականություն վարի, ապա Ռուսաստանը երբեք նրան չի լքի: Մենք պետք է ավելի ուշադիր լինենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների նկատմամբ»,- նկատել է Ռուբեն Թովմասյանը` նկատելով, որ նրանք բոլոր հնարավոր ուժերով ջանում են Ռուսաստանին վռնդել Անդրկովկասից:



«Հայ ժողովուրդը պետք է ուշադիր լինի կատարվող իրադարձություններին եւ չընկնի Թուրքիայի լարած թակարդները: Թուրքիան մնում է Թուրքիա, եւ նրանում ոչինչ չի փոխվում, հատկապես Հայաստանի հարցում: Մենք Թուրքիայի հետ հարեւաններ չենք, այլ ընդամենը երկրներ, որոնք կողք կողքի են ապրում: Եթե մեզ մի տոննա թխվածք են նվիրում, դա դեռ չի նշանակում, որ մենք բարեկամական հարաբերություններ ունենք»,- ընդգծել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդը: Թովմասյանը նաեւ նշել է, որ Հայաստանով Թուրքիան փորձում է թափանցել Ղարաբաղ: «Թուրքիան «խլուրդի» քաղաքականություն է վարում»,- նշել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---