ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ. «ԻՆՉՔԱՆ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ ԿԼԻՆԵՆՔ ՄԵՆՔ»

PanARMENIAN.Net - Ինչքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ուժեղ կլինի Վրաստանը: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր եզրափակիչ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, եռօրյա աշխատանքային այցով Երեւանում գտնվող, Վրաստանի Գլխավոր շտաբի պետ Ջոնի Պիրցխալաիշվիլին: Գոհունակություն հայտնելով Հայաստան կատարած իր այցի արդյունքներով` վրացի գեներալը ընդգծել է, որ Երեւանի եւ Թբիլիսիի ռազմական համագործակցությունը ուղղված չէ որեւիցե երրորդ կողմի դեմ, այլ նպատակ ունի ուժեղացնելու երկու երկրների պաշտպանունակությունը: Նշվել է, որ շուտով Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը երկկողմ համագործակցության հարցերի առավել մանրամասն քննարկման նպատակով: Իր կողմից Հայաստանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը նշել է, որ այցի ընթացքում վրացական կողմի հետ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգության ապահովման, ահաբեկչության հետ պայքարում համագործակցության հեռանկարներին, «Կովկասյան քառյակի» պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների վերջերս կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ Վրաստանի հայ բնակչության վիճակին վերաբերող հարցեր: «Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանման մեջ, քանի որ Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ մեզ կապող հիմնական հաղորդակցությունները անցնում են վրացական տարածքով»,- նշել է Հարությունյանը: Ընդ որում, նա ավելացրել է, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է աջակցել Վրաստանին ներքաղաքական կայունություն պահպանելու գործում, այդ թվում եւ վրացական տարածքներում բնակվող հայության միջոցով: «Մենք հարեւաններ ենք եւ պետք է օգնենք միմյանց»,- նշել է գեներալ- գնդապետը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---