ԵՐԵՎԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում լսումներ են անցկացվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Խորհրդարանական լսումների արդյունքներով տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, Անվտանգության Խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ թուրքական ռազմական ներկայությունը Վրաստանում ժամանակի ընթացքում կարող է իրողություն դառնալ: Թուրքական զինվորականները կարող են այստեղ փոխարինել ամերիկացիներին: Նախարարի խոսքերով, Թուրքիայի ներթափանցումը Վրաստան Հայաստանի համար կլիներ ծայրահեղորեն անցանկալի: Հատկապես, եթե այդ ժամանակահատվածում չհաջողվի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ: Միեւնույն ժամանակ, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գիծը նախատեսում է Թուրքիայի հետ երկխոսության ակտիվացում: «Մենք մտադիր ենք ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերություններում տեղաշարժի հասնելու նպատակով, քանի որ թուրքական գործոնը մեծ նշանակություն է ձեռք բերում Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- հայտարարել է նախարարը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---